Facebook-ը և Twitter-ը ապատեղեկատվության պատճառով հեռացրել են Բրազիլիայի նախագահի տեսանյութը

22:38   04 Ապրիլ 2020    618

Twitter-ից հետո Facebook և Instagram սոցցանցերը «ապատեղեկատվության» պատճառաբանութւյամբ հեռացրել են Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարոի երկու տեսանյութերը որոնք վերաբերում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվող կարանտինի միջոցառումներին:

Կիրակի Բոլսոնարոն թվիթերյան իր էջում մի քանի հոլովակներ էր տեղադրել, որոնցում նա ցուցադրաբար չէր հետևում երկրի առողջապահության նախարարության կողմից առաջարկվող «սոցիալական հեռավորության» վերաբերյալ կանոնին: Նա Բրազիլիայի մայրաքաղաքի փողոցներում մտերմիկ շփում էր ունենում իր կողմնակիցների հետ և համոզում շարունակել աշխատանքը՝ տնտեսական ճգնաժամից խուսափելու համար: Ավելի ուշ այդ հաղորդագրությունները սոցիալական ցանցը հեռացրել էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք Facebook-ից և Instagram-ից հեռացրել ենք ապատեղեկատվության կանխման վերաբերյալ մեր համայնքի նորմերը խախտող կոնտենտը, որը կարող է մարդկանց իրական վնաս հասցնել»,- մեջբերում է պարբերականը Facebook-ի հայտարարությունը:

Բոլսոնարոն հայտնի է որպես կոշտ կարանտինի հակառակորդ: Նա դրանում տնտեսական ճգնաժամի վտանգ է տեսնում: Միևնույն ժամանակ, նրա կարծիքը հակասում է մի շարք նահանգապետերի տեսակետներին, որոնք քաղաքների և նահանգների տարածքում ինքնուրույն կարանտինի խիստ միջոցառումներ են ձեռնարկել: Ընդդիմությունն արդեն պահանջել է նախագահի հրաժարականը, քանի որ վերջինս հրաժարվում է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ ճանաչել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Twitter  


Վերնագիրի այլ պիտակները