Իլոն Մասկը պատրաստվում է հիվանդանոցներին արհեստական շնչառական համակարգերով ապահովել

18:40   01 Ապրիլ 2020    259

Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը նոր տեսակի կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու նպատակով պատրաստվում է հիվանդանոցներին արհեստական շնչառական համակարգերով ապահովել, գրում է Daily Mail պարբերականը։

Twitter սոցկայքի իր էջում ձեռնարկատերը նշել է, որ ավելի վաղ` ամսվա սկզբին տված խոստմանը համապատասխան` պատրաստվում է հիվանդանոցներին ԱՄՆ սննդամթերքի և դեղամիջոցների որակի հսկողության վարչության (FDA) կողմից հաստատված արհեստական շնչառական համակարգեր անվճար տրամադրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք հավելյալ համակարգեր ունենք․ դրանք ամբողջ աշխարհով մեկ հիվանդանոցներին կառաքվեն...Սարքերի և առաքման համար որևէ գումար չի գանձվի։ Միակ պահանջն այն է, որ սարքավորումներն անմիջապես օգտագործվեն հիվանդների համար և պահեստներում չմնան․․․Խնդրում եմ՝ ինձ կամ @Tesla-ին տեղեկացնել»,- գրել է Մասկը։

Ավելի վաղ Իլոն Մասկը թվիթերյան հարթակում իր հետևորդներին հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է արհեստական շնչառական համակարգերով օգնել ինտենսիվ բուժում ստացողներին։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 188 592 դեպք, որից 4055-ը՝ մահվան ելքով։ Երկրում հիվանդությունից ապաքինվել է 7251 հոգի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ  


Վերնագիրի այլ պիտակները