«Մենք պարզապես լսեցինք առողջապահության ոլորտի պրոֆեսիոնալներին». Վրաստանի վարչապետ

10:07   02 Ապրիլ 2020    234

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջին փուլում իրենք լսել են առողջապահության ոլորտի պրոֆեսիոնալների` մասնավորապես առողջապահության նախարարի և նախարարության աշխատակիցների, հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնների աշխատակիցների կարծիքներն ու խորհուրդները և եկել են եզրակացության, որ ներկայիս իրավիճակում պայքարի ամենաարդյունավետ միջոցը տեղաշարժի սահմանափակումն ու սոցիալական հեռավորության պահպանումն է:



Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է pia.ge կայքը:

«Մենք ուղղակի լսեցինք առողջապահության ոլորտի պրոֆեսիոնալներին ամենաառաջին փուլում, լսեցինք Առողջապահության նախարարությանը, նախարարին, հիվանդությունների դեմ պայքարի կենտրոններին: Մենք հասկացանք, որ ամենաարդյունավետ մեթոդը տեղաշարժի սահմանափակումն ու սոցիալական հեռավորության պահպանումն է: Այդ իսկ պատճառով մենք առաջին պետություններից մեկն էինք, որ սահմանափակեց չվերթները նախ Չինաստանի, ապա` Իրանի և Իտալիայի հետ, մենք առաջին պետություններից մեկն էինք, որ դադարեցրեց կրթությունը դպրոցներում, և մենք առաջին պետություններից մեկն էինք, որ ջերմաչափ սարքեր տեղադրեց սահմաններին, ոչ միայն օդանավակայաններում, այլ նաև ցամաքային սահմաններին»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Գախարիան միևնույն ժամանակ նշել է, որ համավարակի դեմ պայքարում պատասխանատվությունը կիսելուն այլընտրանք չկա:

«Երբ մենք պարետային ժամեր ենք սահմանում և հստակ սահմանափակումներ ենք դնում, դա դեռևս չի երաշխավորում, որ մենք վաղը կորոնավիրուսի տարածման հարցում լուրջ թվեր չենք ունենա: Շատ կարևոր է, որ գործենք միասին ու միասին էլ պատասխանատվություն կրենք»,-ասել է Գախարիան:

Մարտի 31-ին Վրաստանի ամբողջ տարածքում պարետային ժամ էր հայտարարվել` կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Վրաստանի երկու շրջաններում` Մառնեուլում և Բոլնիսում խիստ կարանտինային ռեժիմ է գործում:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 117 է, կարանտինի ռեժիմում է գտնվում 5783 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 301-ը: Վարակվածներից 23-ն արդեն առողջացել է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 170 դեպք, 47 249-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 578 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները