Հս. Կորեայում հայտնել են, որ երկրում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել. rfi.fr

11:14   03 Ապրիլ 2020    238

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման համար դեռևս հունվարին են փակել երկրի բոլոր սահմանները և բնակչության համար 40 օրով կարանտինային ռեժիմ սահմանել, որի շնորհիվ երկրում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք մինչև այժմ չի գրանցվել, գրում է rfi.fr կայքը։

«Մինչ օրս մեր երկրում ոչ ոք չի վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով»,-նշել է Հյուսիսային Կորեայի համաճարակային վերահսկողության ազգային կենտրոնի տնօրենը։

«Մենք այնպիսի գիտական և կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկել, ինչպիսիք են երկիր ժամանած բոլոր օտարերկրացիներին ստուգելը և կարանտին ռեժիմ տեղափոխելը, ներկրվող ապրանքների ամբողջական ախտահանումը, ինչպես նաև սահմանների փակումը և ծովային ու օդային փոխադրումների դադարեցումը»,- հավելել է պաշտոնյան:

Սահմանների փակվելուց հետո երկրում հավանական համաճարակի դեմ պայքարի համար հատուկ կենտրոն է ստեղծվել։ Երկրի իշխանությունները հայտնել են, որ ԿԺԴՀ-ն նաև կորոնավիրուսի առկայությունը ստուգող անալիզներ հանձնելու արդյունավետ համակարգ է ստեղծել։

Հյուսիսային Կորեան աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ ԱՀԿ-ն Covid-19-ի որևէ դեպք չի գրանցել: Սակայն շատ փորձագետներ նշում են, որ Հյուսիսային Կորեայի հարևան երկրներում կորոնավիրուսը շատ ակտիվորեն է տարածվում, ուստի՝ հնարավոր է, որ այստեղ կան վարակման դեպքեր, որոնք, սակայն, իշխանությունները թաքցնում են։

ԿԺԴՀ–ն առևտրաշրջանառության շուրջ 90%-ն իրականացնում է Չինաստանի տարածքով։ Նշվում է, Հյուսիսային Կորեան սահմանները հունվարի 30-ին է փակել, իսկ մինչև այդ Չինաստանից այդտեղ բավական շատ մարդիկ են գնացել և բեռներ տեղափոխվել։

Չնայած պատժամիջոցներին՝ ՄԱԿ-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ին հանձնարարել է Հյուսիսային Կորեային թեստեր, դիմակներ և ախտահանող միջոցներ մատակարարել: Անցյալ շաբաթ օգնությունը Չինաստանի միջոցով հասել է Փհենյան: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ օգնությունը տրամադրվել է ԿԺԴՀ առողջապահության նախարարության խնդրանքի համաձայն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները