Իռլանդիայի վարչապետը որպես բժիշկ կաշխատի՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում․ The Irish Times

10:34   06 Ապրիլ 2020    220

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը, որը բժշկական ինստիտուտ է ավարտել, շաբաթական մեկ օր որպես բժիշկ կաշխատի, որպեսզի օգնի Ազգային սանիտարական ծառայությանը կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ապրիլի 5-ին հաղորդել է The Irish Times թերթը։

Վարադկարը թերապևտի դիպլոմը ստացել է 2010 թվականին, իսկ երեք տարի անց նա դուրս է եկել բժշկական ռեեստրից, քանի որ մտել է քաղաքականության մեջ։

Մարտի վերջին Ազգային սանիտարական ծառայությունը բժշկական որակավորում ունեցող մարդկանց հավաքագրում էր սկսել, որպեսզի կորոնավիրուսի տարածվող համաճարակի պայմաններում կադրային պահուստ ապահովի։ Կազմակերպության կոչին 50 հազար բժիշկ է արձագանքել, որոնց թվում է նաև Իռլանդիայի կառավարության ղեկավարը։

«Վարչապետը շաբաթական մեկ անգամ կզբաղվի բժշկական գործունեությամբ՝ իր ունեցած որակավորմանը համապատասխան»,- ասվում է հրապարակման մեջ։

Իռլանդիայում կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը 4994-ի է հասել, մահերի թիվը 158 է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իռլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները