Թրամփը հրաժարվել է կորոնավիրուսի հարցով խորհրդակցել Օբամայի կամ Բուշի հետ

19:21   07 Ապրիլ 2020    294

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է իրեն նախորդած երկու նախագահների հետ կորոնավիրուսի վերաբերյալ խորհրդակցության գաղափարից, չնայած նրան, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն արդեն գերազանցել է 10 000-ը:

Այս մասին գրում է Daily Mail պարբերականը: Թրամփին Սպիտակ տանը հարցրել են, թե արդյոք նա խորհրդի համար կդիմի նախկին նախագահներ Բարաք Օբամային և Ջորջ Բուշ կրտսերին, որոնցից յուրաքանչյուրն իր պաշտոնավարման ընթացքում մեծ փորձ է ձեռք բերել մահացու հիվանդությունների դեմ պայքարում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ոչ, չեմ կարծում: Մենք հիանալի աշխատանք ենք անում: Ես, մենք ժառանգել ենք կոտրված համակարգ»,-ասել է ԱՄՆ նախագահը: Թրամփը կրկնել է իր այն պնդումը, որ երբ ինքը ստանձնել է նախագահի պաշտոնը, ամերիկյան զինծառայողները «զինամթերք չունեին»:

Նախագահի աշխատակազմին մեղադրել են թեստավորման քանակը շատացնելու անկարողության համար՝ նշելով, որ այլ երկրները տոկոսային առումով թեստավորում են ավելի շատ բնակիչների: «Թեստավորման համակարգը կոտրվել և ծերացել է»,-բողոքել է Թրամփը:

Անցած շաբաթվա վերջին հավարակի մասին խոսել էր նաև նախկին նախագահ Ջորջ Բուշը: «Եթե մենք սպասենք համավարակի ի հայտ գալուն, շատ ուշ կլինի պատրաստվելու համար»,-ասել էր նախկին նախագահը:

Մյուս նախկին նախագահ Բարաք Օբաման ժամանակին պայքարել է H1N1 և Էբոլա վիրուսների դեմ: Նա ստեղծել էր համաշխարհային առողջապահության հարցերով ազգային անվտանգության խորհրդի տնօրենների մարմին, որը լուծարվեց անմիջապես Թրամփի իշխանության գալուց հետո:

Թրամփին իր նախկինների մասին հարցը տվել են այն բանից հետո, երբ նա տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իր պոտենցիալ հակառակորդ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ:

«Ես մի քանի րոպե առաջ խոսել եմ Բայդենի հետ, որը զանգահարել էր ինձ և մեր միջև հիանալի, ջերմ զրույց ստացվեց: Այո, դա (կորոնավիրուսը) այն էր, ինչի մասին մենք խոսում էինք: Նա ինձ ասաց իր դիրքորոշումը, և ես այն ամբողջովին հասկացա, մենք ընկերական զրույց ունեցանք: Երևի տևել է մոտ 15 րոպե»,-տեղեկացրել է ԱՄՆ նախագահը:

Նախկինում ԱՄՆ նախագահները դժվարին ժամանակներում խորհրդակցել են իրենց նախորդների հետ, եթե անգամ նրանք եղել են այլ կուսակցությունից: Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 367 650 դեպք, ինչի հետևանքով մահացել է 10 943 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 347 343 դեպք, 74 769-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 284 882 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները