«Կորոնավիրուսի համավարակը միավորում է հակամարտող երկրները». Նազարբաև

10:37   08 Ապրիլ 2020    257

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակը փոխում է միջպետական հարաբերությունների ձևաչափն ու մտերմացնում է միմյանց հետ հակամարտող երկրները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Տառացիորեն երեկ պետությունները փոխադարձ խոչընդոտներ էին ստեղծում, պատժամիջոցների պատերազմի մեջ էին մտնում, իսկ հիմա միմյանց օգնության ձեռք են մեկնում: Դա վկայում է համաշխարհային մակարդակով լուրջ փոփոխությունների սկսվելու մասին»,-գրել է Նազարբաևը իր «Երբ մենք միասնական ենք, մենք անպարտելի ենք» խորագրով հոդվածում:

Նազարբաևը հիշեցրել է, որ համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ պատերազմներ, լարված իրավիճակներ ու հակամարտություններ են եղել, որոնք ձգվել են տասնամյակներով և նույնիսկ հարյուրամյակներով:

«Քիչ չեն եղել նաև համաճարակները, որոնք միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել: Մարդկությունը հաղթահարել է այդ ամենը: Ներկայիս ոչ բարենպաստ իրավիճակը մենք նույնպես կհաղթահարենք: Համաշխարհային տերությունները պետք է դաս քաղեն ներկայիս դժվար իրավիճակից»,-գրել է նախկին նախագահը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները