Թալիբները հայտարարել են, որ կշարունակեն Քաբուլի դեմ պայքարել մինչեւ գերիների փոխանակումը

11:28   08 Ապրիլ 2020    262

Թալիբները պաշտոնական Քաբուլի դեմ ռազմական գործողությունները կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ իրենց համախոհները կազատվեն՝ ըստ ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման միջեւ կնքված խաղաղ համաձայնագրի պայմանների:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է շարժման կատարյան քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհաիլ Շահինը՝ մեկնաբանելով Աֆղանստանի կառավարության հետ գերիների փոխանակման շուրջ բանակցությունների դադարեցումը

«Մենք ցանկանում ենք միջաֆղանական բանակցությունների գործարկումը՝ կարգավորման եւ հրադադարի հասնելու համար: Բայց նրանք [Քաբուլում կառավարությունը] գերիներին չեն ազատում՝ դրանով խոչընդոտ ստեղծելով միջաֆղանական բանակությունների գործարկման համար: Այսպիսով, քանի դեռ մեր միջեւ համաձայնություն չկա, ռազմական գործողություններն, իհարկե, կշարունակվեն»,- ասել է նա:

Ներկայացուցչի խոսքով՝ երկխոսությունը կսկսվի, եթե «Թալիբանի» 5 հազար բանտարկյալներն ազատ արձակվեն: «Միջաֆղանական բանակցությունների ժամանակ մենք քննարկելու ենք Աֆղանստանի ապագա քաղաքական «ճանապարհային քարտեզը», ինչպես նաեւ համընդգրկուն եւ մշտական հրադադարը»,- եզրափակել է նա:

«Թալիբան» շարժումը երեքշաբթի հայտարարել էր Աֆղանստանի կառավարության հետ գերիների փոխանակման շուրջ բանակցությունների դադարեցման մասին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ թալիբների ազատումը շարունակ հետաձգվում է: Ավելի վաղ աֆղանական Tolo News հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Աֆղանստանի բանտերում գտնվող «Թալիբանի» համախոհների առաջին փոխանակումը աֆղանցի զինծառայողների հետ տեղի է ունենալու ապրիլի 2-ին: Նախատեսվում էր բանտերից ազատել արմատական շարժման 100 համախոհի: Թալիբները միաժամանակ պարտավորվել էին Աֆղանստանի իշխանություններին փոխանցել գերեվարված 20 զինծառայողի:

Դոհայում փետրվարի 29-ին խաղաղ համաձայնագիր էր ստորագրվել ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ: Պայմանավորվածությունների համաձայն՝ միջաֆղանական խորհրդակցությունները պետք է սկսվեին դեռեւս մարտի 10-ին: Իհարկե, մի վերապահությամբ, որ վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում միջաֆղանական բանակցությունների գործարկման պահին պետք է ազատվեն «Թալիբանի» 5 հազար համախոհներ եւ արմատականների կողմից պահվող մինչեւ 1000 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թալիբ   Քաբուլ  


Վերնագիրի այլ պիտակները