«Նախագահի դուստրը». Բիլ Քլինթոնն ու գրող Ջեյմս Պատերսոնը 2-րդ համատեղ թրիլլերը կթողարկեն

10:45   22 Մայիս 2020    240

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և գրող Ջեյմս Պատերսոնի՝ «Նախագահի դուստրը» երկրորդ դետեկտիվ վեպը լույս կտեսնի 2021 թվականի հունիսին, հայտնում է Publishers Weekly-ն։

Աղբյուր մանրամասնում է, որ գրքի հրապարակմամբ կզբաղվեն Alfred A. Knopf և Hachette հրատարակչությունները, որոնք համագործակցել էին նաև «Նախագահը կորել է» (The President Is Missing) վերնագրով գրքի հրապարակման աշխատանքների ժամանակ։

«Ընթերցողների շրջանում նրանց առաջին համատեղ վեպի աննախադեպ հաջողությունը լավ նախանշան է նաև երկրորդ աշխատանքի համար, քանի որ Քլինթոնը և Պատերսոնը նախագահական թրիլլերի վարպետներ են արդեն դարձել»,- ասվում է հրատարակչությունների համատեղ հայտարարությունում։

Նշվում է, որ որ Քլինթոնի և Պատերսոնի երկրորդ գիրքը նրանց առաջին վեպի ուղղակի շարունակությունը չի լինի․ այն պատմություն է Նյու Հեմփշիր նահանգ տեղափոխված ԱՄՆ նախկին նախագահի դստեր առևանգման մասին:

«Ես երախտապարտ էի առաջին գրքի գրանցած հաջողության համար, ուստի՝ հավատում եմ, որ «Նախագահի դուստրը» ընթերցողներին դուր կգա նույնքան, որքան այդ գրքի վրա աշխատելն էր դուր եկել մեզ»,- հայտարարել է Քլինթոնը։ Պատերսոնը, իր հերթին, նկատել է, որ Քլինթոնի հետ համատեղ աշխատանքը առանցքային դեր ունի իր կարիերայում։

Հիշեցնենք, որ Քլինթոնի և Պատերսոնի առաջին «Նախագահը կորել է» համատեղ վեպը լույս է տեսել 2018 թվականին և հրապարակման օրվանից մեկ շաբաթ անց դարձել ամենաշատ վաճառված գրքերից մեկը։ Վեպը պատմում է ԱՄՆ նախագահի մասին, որը երկիրն ավերիչ կիբերհարձակումից պաշտպանելու համար ընդհատակ է անցնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Քլինթոն  


Վերնագիրի այլ պիտակները