ԱՄՆ-ն սպառնում է «Հոնկոնգի գրավման դեպքում» պատժամիջոցներ կիրառել Չինաստանի նկատմամբ

11:14   25 Մայիս 2020    193

Սպիտակ տունը կարող է պատժամիջոցներ կիրառել ինչպես Պեկինի, այնպես էլ Հոնկոնգի վարչակազմի դեմ, եթե Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հաստատի Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրինագիծը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը, գրում է CNBC-ը։

«Ազգային անվտանգության մասին այս օրինագծով Չինաստանը, ըստ էության, կգրավի Հոնկոնգը․ այդ դեպքում Հոնկոնգի և Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն»,-նշել է Օ'Բրայենը:

Նշվում է, որ կոմունիստական էլիտայի նման քայլերը կարող են հարվածի տակ դնել Հոնկոնգի հատուկ ինքնավար կարգավիճակը, որի շնորհիվ հնարավոր է եղել զարգացնել քաղաքի՝ որպես համաշխաարհային ֆինանսական կենտրոն կարգավիճակը։

«Դժվար է պատկերացնել, թե նման բան տեղի ունենալու և ՉԺՀ-ի կողմից քաղաքի կառավարումն իր վրա վերցնելու դեպքում ինչպես Հոնկոնգը կշարունակի ասիական ֆինանսական կենտրոն մնալ։ Այդ դեպքում համաշխարհային կորպորացիաները կլքեն քաղաքը»,- նշել է Օ'Բրայենը:

Ավելի վաղ Չինաստանի ազգային ժողովրդական ամենամյա համագումարի օրակարգում ներառվել էր հոնկոնգյան իրավական համակարգի և օրենքի կիրառման մեխանիզմների կատարելագործման մասին օրենքի նախագիծը, որը պատասխանատվություն է նախատեսում «ապստամբության, անջատողականության և դավաճանության համար»:

Իրավիճակը կարող է սրվել, քանի որ Պեկինը տեսականորեն պարզապես կարող է շրջանցել Հոնկոնգի ընտրված օրենսդիրներին և իր փոփոխությունները պարտադրել: Հոնկոնգը Չինաստանի հատուկ վարչական շրջանն է։ 1997 թվականին Մեծ Բրիտանիայի կողմից Հոնկոնգին ինքնիշխանութան վերադարձումից հետո այն առաջնորդվել է «մի երկիր, երկու համակարգ» գաղափարախոսությամբ, որի շնորհիվ էլ հասել է որոշակի ազատության, ինչից զուրկ են Չինաստանի այլ շրջանները։

Անցյալ տարի Հոնկոնգում սկսվել էին բուռն բողոքի ցույցեր և բարձրացել էր հասարակական դժգոհության մեծ ալիք, որոնց նպատակը ժողովրդական բարեփոխումների հասնելն էր։ Չինաստանի ղեկավարությունը կարծում է, որ իրավական համակարգի և օրենքի կիրառման մեխանիզմների կատարելագործման մասին այս օրենքի նախագիծն անհրաժեշտ է հետագայում նման ցույցերը կանխելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները