Թուրքիայի 7 նահանգներում ուժեղ քամին լուրջ ավերածությունների պատճառ է դարձել. կա 1 զոհ

10:51   26 Մայիս 2020    213

Թուրքիայի Վան, Հաքքյարի, Արդահան, Իգդիր, Կարս, Աղրը և Էլազըղ նահանգներում ուժեղ քամին ավերել է տների ու կառույցների տանիքները, վնաս է հասցրել բերքատու ծառերին, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Վանում քամին չի դադարում արդեն երկու օր, ավերել է Հաջըբեքիր և Բոստանիչի թաղամասերի մի քանի տների տանիքները: Քամու պատճառով Գյուրփինարի շրջանում ծառեր են արմատախիլ եղել:

18-ամյա մի երիտասարդ մնացել է փլված տանիքի տակ, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Հաքքյարի նահանգում նույնպես քամին տանիքների ավերման պատճառ է դարձել, վնասվել է տաքսիների կայանատեղին:

Արդահանում քամին վնասել է էլեկտրական լարերը, ինչի պատճառով նահանգի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել:

Նահանգի բնակիչ, 54 –ամյա Սեչքին Չեթինքայան քամու ժամանակ բարձրացել է իր տան վնասված տանիքը, որպեսզի վերանորոգի այն: Քամու պատճառով նա կորցրել է հավասարակշռությունն ու ընկել տանիքից: Հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Իգդիրում փողոցների մեծ մասը ջրով է ծածկվել հորդառատ անձրևից հետո: Անձրևն ուղեկցվել է հզոր փոթորկով, որն արմատախիլ է արել ծառերը: Այստեղ նույնպես տների տանիքներ են փլուզվել:

Կարսում մայիսի 24-ից սկսած՝ ջրհեղեղի ու փոթորկի պատճառով ավերվել է ուսանողական հանրակացարանի, դպրոցներից մեկի և հիվանդանոցներից մեկի տանիքները:

Փոթորիկի հետևանքով վնասվել է 110 մետրանոց կախովի կամուրջը, որն այլևս օգտագործման ենթակա չէ:

Աղրըի նահանգի Դոզուբայազետ շրջանում փոթորիկը մեծ վնաս է հասցրել հիվանդանոցի տանիքին: Նահանգում վնասվել են նաև մզկիթի և մի շարք այլ կառույցների տանիքները, Քըզըլքայա գյուղում 25 տուն և 10 ախոռ դարձել են օգտագործման համար ոչ պիտանի:

Էլազըղի նահանգում ուժեղ քամին ու կայծակը վնաս են հասցրել մշակովի տարածքներին, խաղողի դաշտերին: Փլուզվել է 10 տան տանիք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները