Հրվ. Կորեան հավանություն է տվել կորոնավիրուսը «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով բուժմանը

19:41   29 Մայիս 2020    296

Հարավային Կորեայի իշխանությունները մտադիր են ԱՄՆ-ից ներկրել էբոլա տենդի բուժման համար նախատեսված «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը, որը կիրառվելու է կորոնավիրուսի վարակակիրների շրջանում:

Ինչպես նշում է koreaherald.com կայքը, հարավկորեացի փորձագետների, առողջապահական ոլորտի պաշտոնյաների խորհուրդները, ինչպես նաև անցկացված թեստերի արդյունքները բավարար հիմք են «Ռեմդեսիվիր»-ը կորոնավիրուսի դեմ պայքարում որպես արդյունավետ միջոց կիրառելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակայն ամերիկյան Gilead Sciences Inc. դեղագործական ընկերության արտադրանքը կիրառվելու է բացառապես ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների դեպքում: Իսկ այդպիսիք Հարավային Կորեայում կազմում են վարակակիրների հինգ տոկոսը:

Ավելի վաղ ԱՄՆ դեղորայքի և սննդի որակի սանիտարական վերահսկման վարչությունը թույլ է տվել նոր տեսակի կորոնավիրուսի բուժման համար «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի կիրառումը։ Նշվում է, որ սա առաջին դեղամիջոցն է, որը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում դրական արդյունք է ցույց տվել:

Ըստ պետական ֆինանսավորմամբ անցկացված հետազոտության արդյունքների՝ այս դեղամիջոցի կիրառումը 31%-ով կրճատում է կորոնավիրուսից ապաքինման ժամանակահատվածը, ինչը միջինում կազմում է չորս օր: 1063 հիվանդի հետազոտության արդյունքում պարզվել է, որ դեղամիջոցն ընդունած հիվանդները, ի տարբերություն այն չստացածների, չորս օրով պակաս՝ 11 օր են անցկացրել հիվանդանոցում: Այնուհանդերձ, դեղամիջոցի կողմնակի ազդեցության մասին տեղեկություններ դեռևս չկան:

ԱՄՆ կառավարությունը սկսել է երկրի՝ կորոնավիրուսից ամենաշատ տուժած նահանգներին վարակի բուժման համար արդյունավետ ճանաչված «Ռեմդեսիվիր»-ի մատակարարումը: Երկրի Առողջապահական և սոցիալական ծառայությունները կորոնավիրուսով հոսպիտալացված մոտ 78 000 հիվանդի բուժման նպատակով մոտ 600 000 սրվակ դեղամիջոց են ուղարկել Նյու Ջերսի, Իլինոյս, Միչիգան և երեք այլ նահանգ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները