Աֆրոամերիկացի Ֆլոյդը և նրա սպանության համար մեղադրվող ոստիկանը միասին աշխատել են գիշերային ակումբներից մեկում

19:13   31 Մայիս 2020    264

Ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ձերբակալումից հետո մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը և նրա ոչ կանխամտածված սպանության համար մեղադրվող նախկին ոստիկան Դերեկ Շովինը աշխատել են գիշերային ակումբներից մեկում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, NBC հեռուստաընկերությանը հաղորդել է Մինեապոլիսում գործող «Էլ Նուևո Ռոդեո» հաստատության նախկին տիրուհին՝ Մայա Սանտամարիան:

Նրա խոսքով՝ Շովինը գիշերային ակումբում որպես պահակ էր աշխատում, իսկ Ֆլոյդն անվտանգությունն ապահովում էր հաստատության ներսում: Նշվում է, որ շենքը, որում ավելի վաղ տեղակայված էր ակումբը, այրվել է ցույցերի ժամանակ:

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացյած երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը։

Նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրոամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները