Իսպանիայի վարչապետը խորհրդարանին խնդրել է երկարաձգել արտակարգ դրությունը

11:17   01 Հունիս 2020    190

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խորհրդարանին խնդրել է վերջին անգամ 2 շաբաթով՝ մինչև հունիսի 21-ը երկարաձգել արտակարգ դրությունը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սանչեսն ասել է, որ նշված ժամկետից հետո կառավարությունն այլևս չի սահմանափակի քաղաքացիների տեղաշարժը:

Իսպանիայի վարչապետը տեղական իշխանություններին հայտնել է, որ սա կլինի սահմանափակումների վերջին երկարաձգումը, քանի որ երկրում մեծապես նվազել են կորոնավիրուսով վարակման դեպքերը:

Պեդրո Սանչեսը նաև հայտարարել է, որ հունիսի 8-ից սկսած՝ մեղմացումների երրորդ փուլում, կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերահսկողությունը կփոխանցի տեղական իշխանություններին:

Իսպանիան կորոնավիրուսից ամենաշատը տուժած եվրոպական երկրներից մեկն է, որտեղ վարակվել է ավելի քան 286 հազար մարդ: Այնտեղ արտակարգ դրությունը գործում է մարտի 14-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները