Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Եվրոպայում

13:20   01 Հունիս 2020    235

ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի սպանությունը զանգվածային ցույցերի և բողոքի ալիքի է հանգեցրել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև մի շարք եվրոպական երկրներում:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, մարդիկ, անկախ սոցիալական հեռավորություն պահելու կանոններից, ցույցի են դուրս եկել նաև Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում՝ իրենց բողոքը հայտնելու ռասիզմի և ոստիկանության բռնության դեմ: Մինչդեռ Անգլիայում մարդկանց արգելվել է մինչև հունիսի մեկը հավաքներ կազմակերպել դրսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լոնդոնի ոստիկանությունը տեղեկացրել է, որ ցուցարարներից ոմանք շարժվել են դեպի ԱՄՆ դեսպանություն: Դիմակ դրած ցուցարարները փողոց են դուրս եկել նաև Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Նրանք «Արդարությունը չի կարող սպասել» և «Սևամորթների կյանքը կարևոր է» գրություններով պաստառներ են պատրաստել:

Դանիայում ցույցի դուրս եկած մարդիկ Կոպենհագենի փողոցներով քայլելիս վանկարկում էին. «չկա արդարություն, չկա խաղաղություն»:

Նշենք, որ զանգվածային ցույցերի պատճառ են դարձել ամերիկացի ոստիկան Դերեկ Չաուվինի դաժան գործողությունները սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի նկատմամբ: Վերջինիս ձերբակալելիս տղամարդը 15 րոպե ծնկով սեղմած է պահել նրա պարանոցը, ինչի հետևանքով տղամարդը մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին, ինչից հետո ամերիկյան խոշոր քաղաքներում բազմամարդ ցույցեր են տեղի ունենում: Ոստիկանը ձերբակալվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները