Չեխիայի քաղաքացիները հունիսի կեսերից արդեն Եվրոպայով ազատ շրջագայելու հնարավորություն կունենան

15:46   02 Հունիս 2020    290

Չեխիայի քաղաքացիներն արդեն հունիսի կեսերից Եվրոպայով ազատ շրջագայելու հնարավորություն կունենան՝ առանց վերադառնալուց հետո կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ հանձնելու անհրաժեշտության, այս մասին թվիթերյան իր օգտահաշվում հայտնել է Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյթեխը։

«Հունիսի 15-ից կարող ենք ազատ շրջագայել Եվրոպայով։ Կառավարությունը հավանություն է տվել անվտանգ երկրների ցուցակին»,- գրել է բարձրաստիճան պաշտոնյան և երկրների՝ անվտանգության աստիճանը ցույց տվող համապատասխան քարտեզը կից ներկայացրել։

Չեխիայի իշխանությունների կարծիքով՝ համաճարակաբանական առումով առավել անվտանգ երկրներ են Գերմանիան, Ավստրիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը, Հունգարիան, Սլովակիան, Սլովենիան, Բալթյան երկրները:

Եվրոպական երկրներից առավել վտանգավոր են ճանաչվել Մեծ Բրիտանիան և Շվեդիան։ Այս երկրներից վերադառնալուց հետո քաղաքացիները նախկինի պես պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն։

Հիշեցնենք, որ Չեխիան մայիսի վերջին կարանտինային սահմանափակումների մեծ մասը չեղարկել է՝ միայն խիստ կանոններ թողնելով Կարվինա շրջանում։

Վերջին տվյալների համաձայն՝ Չեխիայում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 308 դեպք, որից 321-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից երկրում ապաքինվել է 6 642 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները