Տրյուդոն «չի կարողացել» պատասխանել ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունների ֆոնին Թրամփի պահվածքի մասին հարցին. VIDEO

12:44   03 Հունիս 2020    352

Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն լրագրողի խնդրանքով անդրադարձել է ԱՄՆ-ում սևամորթ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանության պատճառով սկիզբ առած զանգվածային բողոքի ակցիաներին և անկարգություններին, մասնավորապես՝ այդ ամենին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքին: Հայտնի է, որ Թրամփը սպառնացել է զորք կիրառել ու ցրել բոլոր ցուցարարներին, գրում է The Guardian-ը:

Հատկանշական է, որ Տրյուդոն մոտ քսան վայրկյան չի պատասխանել՝ հավանաբար չկարողանալով ճիշտ բառեր գտնել:

Ի վերջո վարչապետն ասել է.«Մենք բոլորս սարսափով և վախով ենք հետևում ԱՄՆ-ում տեղի ունեցող դեպքերին»:

Նա ընդգծել է, որ ռասիզմի դեմ պայքարը պետք է մշտական լինի:

Երբ լրագրողը Ֆլոյդի սպանության համատեքստում Թրամփի վերաբերմունքի մասին նոր հարց է հղել, Տրյուդոն նրբանկատորեն ասել է, որ որպես Կանադայի վարչապետ, իրավասու է խոսել միայն կանադացիների մասին:

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները