«Ղազախստանը չի ծրագրում միանալ Ռուսաստանի ու Բելառուսի միութենական պետությանը». Տոկաև

15:27   03 Հունիս 2020    216

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Комсомольская правда» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղազախստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը:

«Ղազախստանն ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի և Բելառուսի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միությունների շրջանակում (ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ): Մենք չենք ծրագրում միանալ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը: Առաջնահերթ ուղղությունը նշված կազմակերպությունների շրջանակում ինտեգրման հետագա զարգացումն է»,-ասել է Ղազախստանի նախագահը:

Տոկաևը նշել է նաև, որ մեծ հետաքրքրություն է իրենից ներկայացնում ԵԱՏՄ-ի ուժեղացումը որպես տնտեսական միություն:

«Զարգացնելով համագործակցային կապեր, ստեղծելով ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ընդհանուր շուկա, բարձրացնելով միության անդամ երկրների ներդրումային գրավչությունը՝ մենք կարող ենք ԵԱՏՄ-ն վերածել համաշխարհային մակարդակի արդյունավետ կառույցի: Այդ ուղղությամբ աշխատանքները հետևողականորեն առաջ են տարվում: 2025 թվականին արդեն ձևավորված կլինեն ընդհանուր էներգետիկ և ֆինանսական շուկաները: Հեռանկարային ուղղություն է թվային համագործակցությունը»,-նշել է Տոկաևը:

Ղազախ առաջնորդը հայտարարել է նաև, որ երբեմն ԵԱՏՄ-ում նույնիսկ ամենաբարձր մակարդակով սուր քննարկումներ են լինում, բայց դրանք թելադրված են միությունն ավելի հաջող, հեղինակավոր, գրավիչ դարձնելու ընդհանուր ցանկությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները