Լեհաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին

16:48   03 Հունիս 2020    262

Լեհաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի (Սեյմ) խոսնակ Էլժբետա Վիտեկին:

Լեհաստանի սահմանադրության համաձայն՝ նախագահական ընտրությունների օրը նշանակում է հենց Սեյմի խոսնակը:

«Նշանակում եմ Լեհաստանի նախագահի ընտրություն: Ընտրությունների անցկացման օր եմ նշանակում կիրակի՝ հունիսի 28-ը»,-հայտարարել է Վիտեկը:

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս համապատասխան հրամանը պաշտոնապես կհրապարակվի:

Սեյմի խոսնակը հիշեցրել է, որ եթե առաջին փուլում հաղթող չլինի և թեկնածուներից ոչ ոք չհավաքի 50%-ից ավելի ձայն, ապա ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ուղիղ երկու շաբաթից:

Վիտեկը մաղթել է, որ «ընտրական քարոզարշավն արդար լինի»:

Ավելի վաղ ընտրությունները նշանակվել էին մայիսի 10-ին, սակայն քաղաքական վեճերը հանգեցրել էին նրան, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում իշխանությունները չհասցրեցին պատրաստվել ընտրությունների անցկացմանը: Իշխող «Իրավունք և արդարություն» և նրա դաշնակից «Համաձայնություն» կուսակցությունները որոշեցին մայիսի 10-ին ընտրություններ չանցկացնել: Պետական ընտրական հանձնաժողովը ընտրությունները չկայացած էր ճանաչել:

Միևնույն ժամանակ երկրի իշխանությունները ցայտնոտի մեջ են գտնվում, քանի որ օգոստոսի 6-ին ավարտվում է գործող նախագահ Անջեյ Դուդայի լիազորությունների ժամկետը: Երկրի սահմանադրությունը չխախտելու համար ընտրությունների առաջին փուլը պետք է անցկացվի հունիսի 28-ից ոչ ուշ:

Դա նշանակում է, որ նախագահի աթոռին հավակնող թեկնածուները շատ քիչ ժամանակ են ունենալու անհրաժեշտ 100 000 ստորագրություն հավաքելու և քարոզչություն անելու համար: Միևնույն ժամանակ խորհրդարանի կողմից վերջերս ընդունված օրենքի համաձայն՝ մայիսի 10-ի չկայացած ընտրություններին գրանցված թեկնածուները կպահպանեն իրենց կարգավիճակը, իսկ նրանք, ովքեր միայն այժմ կցանկանան միանալ պայքարին, պետք է բոլոր գործընթացներն անցնեն սեղմ ժամկետներում: Դա մասնավորապես վերաբերում է ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» միության թեկնածու Ռաֆայել Տշասկովսկիին, քանի որ ընդդիմությունը մի քանի շաբաթ առաջ որոշել է փոխել իր թեկնածուին, որը նախկինում Մալգոժատա Կիդավա Բլոնսակայան էր:

Դեռևս նախագահի պաշտոնին հավակնում է 10 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Անջեյ Դուդան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները