Google-ին օգտատերերի տվյալների ապօրինի հավաքման համար 5 միլիարդ դոլարի տուգանք է սպառնում

17:36   03 Հունիս 2020    346

Ամերիկյան Google կորպորացիային մեղադրել են օգտատերերի տվյալների ապօրինի հավաքման համար, հայտնում է Reuters գործակալությունը։

Այժմ Alphabet ամերիկյան հոլդինգին, որին պատկանում է Google-ը, 5 միլիարդ դոլարի չափով տուգանք է սպառնում։

«Google-ը չի կարող շարունակել համակարգիչ կամ հեռախոս ունեցող յուրաքանչյուր ամերիկացու տվյալների թաքուն և չարտոնված հավաք իրականացնել»,- ասվում է Կալիֆոռնիայի դաշնային դատարան ներկայացված հավաքական հայցում։

Հայցում նշվում է, որ կորպորացիան Google Analytics, Google Ad Manager և այլ՝ այդ թվում նաև հեռախոսներում ներբեռնված հավելվածների միջոցով թաքուն տեղեկատվություն է հավաքում․ սա տեղի է ունենում նաև բրաուզերի միջոցով կայքերի մուտքի անանուն ռեժիմի ակտիվացման դեպքում։

Բողոքում պարզաբանվում է, որ Google-ն այս եղանակով տեղեկություն է ստանում օգտատիրոջ ընկերների, սիրելի զբաղմունքի, ուտելիքի, գնումների և անգամ «ամենանեղ անձնական և ամոթալի բաների» մասին։

Այս խախտումների համար Google ընկերությանը յուրաքանչյուր օգտատիրոջ տվյալների հավաքման համար 5 000 դոլարի չափով տուգանք է սպառնում։

Google-ի մամուլի քարտուղար Խոսե Կաստանեդան, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստվում են պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ բազմիցս կրկնել են, որ «ամեն անգամ, երբ ինկոգնիտո ռեժիմով (բրաուզերում անանուն մուտքի) նոր պատուհան եք բացում, վեբկայքերը կարող են օգտատերերի ակտիվության մասին տեղեկություն հավաքել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները