Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 000-ը

19:10   03 Հունիս 2020    285

Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 8900 նոր դեպք, ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 207 615-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության հայտարարությանը:

Գերատեսչության տվյալներով՝ երկրում ներկայում բուժում է ստանում 101 497 մարդ։ Կորոնավիրուսից ապաքինվել է արդեն 100 302-ը (4776-ը՝ նախօրեին), մահացել է 5815 մարդ (217-ը՝ նախօրեին), տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մահարաշտրա նահանգում՝ 72 300 (2287-ը՝ մեկ օրում), այնուհետև Թամիլնադում՝ 24 586 (1091-ը՝ մեկ օրում), Դելիում՝ 22 132 (1298-ը՝ մեկ օրում)։

Ավելի վաղ երկրի ներքին գործերի նախարարությունն ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգել էր մինչև հունիսի 30-ը, սակայն հիվանդության առավել քիչ դեպքեր գրանցված վայրերում սահմանափակումների թուլացումներ են եղել։ Ներքին գործերի նախարարությունը մեկուսացման ռեժիմից դուրս գալու երեք փուլ է մշակել։ Հունիսի 8-ից մեկնարկվող առաջին փուլի շրջանակում թույլատրելի կլինի տաճարների, ռեստորանների, հյուրանոցների և առևտրի կենտրոնների աշխատանքների վերսկսումը։ Հուլիսից սկսվող երկրորդ փուլի ընթացքում կվերսկսվի դպրոցների և ուսումնական հաստատությունների գործունեությունը։ Երրորդ փուլն էլ արդեն նախատեսում է միջազգային թռիչքների վերսկսում, մետրոյի, կինոթատրոնների, լողավազանների, թատրոնների վերաբացում և զանգվածային հավաքների անցկացում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները