Եվրամիության գլխավոր դիվանագետը նշել է, թե որն է 21-րդ դարի գլխավոր դիմակայությունը

19:58   03 Հունիս 2020    238

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Sueddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև դիմակայությունը կդառնա 21-րդ դարի բնորոշ գիծը:

«Վիրուսը ցույց տվեց, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև դիմակայությունը կբնութագրի 21-րդ դարը: Սպառնալիքներ Վաշինգտոնից, սուր ռեակցիա Պեկինի կողմից. սա արդեն նոր նորմ է»,-ասել է Բորելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Չինաստանը ԵՄ-ի համար և՛ «անփոխարինելի գործընկեր» է, և՛ «շատ լուրջ հակառակորդ»: Բացի այդ, նրա կարծիքով, Չինաստանի իշխանություններն այժմ շատ ավելի ագրեսիվ են գործում, քան առաջ:

«Չինաստանը միակ երկիրը չէ, որ օգտագործում է իր ուժը: Եթե մեզ դուր չի գալիս նրանց վարքը, մենք պետք է դրա մասին ուղիղ ասենք նրանց, ինչպես ԱՄՆ-ն»,-նշել է Բորելը: Պատասխանելով Չինաստանի կողմից միջազգային պայմանագրերի ընտրովի կատարման մասին հարցին՝ Բորելը նշել է, որ Եվրոպան պետք է համարժեք պատասխան գտնի այդ խնդրին:

«Մենք պետք է ավելի լավ հասկանանք, թե ինչպիսին են մեր արժեքները, ինչ շահեր և կարողություններ ունենք: Մեր գործիքները հիմնականում կապված են ամենակարևոր առևտրային գործընկերոջ դերի հետ: Եվրոպան հարկավոր է Չինաստանին որպես շուկա իր արտադրանքի համար, որպես ներդրող և տեխնոլոգիաների մատակարար, ինչպես նաև միջազգային ճանաչման համար: Սրանք մեր ճնշման լծակներն են, որոնք մենք պետք է ավելի լավ օգտագործենք»,-եզրափակել է իր խոսքը ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները