Զելենսկին խախտել է կարանտինը

16:24   04 Հունիս 2020    301

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Խմելնիցկի քաղաքում սրճարան գնալու և դրանով կարանտինային ռեժիմը խախտելու համար տուգանք վճարել, հայտնում է korrespondent.net կայքը։

«Պատրաստ եմ տուգանք վճարել, եթե որևէ բան խախտել եմ։ Ինձ ասացին, հրավիրեցին, ես էլ մտա»,- նշել է նախագահը։

Աղբյուրը մանրամասնում է, որ սրճարանի տերերը նախագահին շենքի ներսում են սպասարկել, չնայած որ մինչև հունիսի 5-ն այցելուներին միայն բացօթյա հատվածում է թույլատրվում ժամանակ անցկացնել։

Միևնույն ժամանակ երկրի ներքին գործերի նախարարի տեղակալ Անտոն Գերաշչենկոն նշել է, որ նախագահն առաջին անգամ չէ, որ օրենք է խախտում․ օրինակ կարող է լինել քվեարկության ժամանակ քվեաթերթիկի ցուցադրումը։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք նախագահը կարանտինային ռեժիմը խախտելու համար տուգանվելու է, թե ոչ, ՆԳ նախարարի տեղակալը նշել է, որ նման դեպքերում հաստատության տնօրինությունն է սովորաբար պատասխանատվություն կրում, ուստի՝ ամենայն հավանականությամբ 17 000 գրիվնայի չափով հենց սրճարանը կտուգանվի։

Երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոն էլ, իր հերթին, կարծիք է հայտնել, որ նախագահի այցը Խմելնիցկիի սրճարան կարանտինային ռեժիմի խախտում չի համարվում։

«Ի՞նչ է դուրս գալիս․ նախագահը երեկ բիզնեսի ներկայացուցիչների հետ է հանդիպել, որպեսզի մի շարք հարցերի, այդ թվում նաև՝ կարանտինի թուլացման շուրջ քննարկում ունենա։ Ճաշից հետո կենտրոնական փողոցով քայլում էինք, ցանկանում էինք սրճարանից մեզ հետ տանելու համար սուրճ վերցնել, սակայն ռեստորանի տերերից մեկն ասաց, որ այդ օրվանից սահմանված նորմերին համապատասխան պատրաստ են աշխատել։ Որպեսզի նախագահը վստահ լինի, որ բոլոր նորմերին հետևելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա, մենք մտանք՝ տեսնելու՝ արդյոք ամեն բան պատրաստ է, և ինչպես է այն աշխատելու»,-պատմել է Լյաշկոն։

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները