ԱՄՆ-ում սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդի ընկերը մանրամասներ է պատմել վերջինիս ձերբակալության պահից

20:27   04 Հունիս 2020    320

ԱՄՆ-ում մայիսի 25-ին ձերբակալության ժամանակ սպանված սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի ընկերը, որը ձերբակալության պահին նրա հետ է եղել, հայտնել է, որ Ֆլոյդը ոստիկաններին հարցնում էր, թե ինչու են իրեն ձերբակալում և որևէ կերպ չէր դիմադրում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ 42-ամյա Մորիս Լեսթեր Հոլին, որը Ֆլոյդի հետ նույն մեքենայում է եղել ձերբակալության պահին, նույնպես ձերբակալել են Հյուսթոնում, ուր նա մեկնել էր սպանության ականատես դառնալուց երկու օր անց: Վերջինիս հարցաքննել են Մինեսոտայում:

Պարբերականին տված հարցազրույցում Հոլը Ֆլոյդին նկարագրել է որպես առաջնորդ և ընկերներին ձեռք մեկնող անձնավորություն: Նրա խոսքով՝ իրենք օրվա մեծ մասը միասին են անցկացրել նախքան ոստիկանության հետ ճակատագրական հանդիպումը:

«Նա հենց սկզբից ցույց էր տալիս, որ մտադիր չէ որևէ կերպ դիմադրել: Ես լսում էի, թե ինչպես է ասում. «Խնդրում եմ բացատրեք՝ ինչի՞ համար է այս ամենը, սպա»»,- պատմել է Հոլը:

Տղամարդու խոսքով՝ Ֆլոյդը կյանքի վերջին րոպեներին օգնություն էր խնդրում. «Նա պարզապես գոռում էր, որպեսզի ինչ-որ մեկն օգնի իրեն: Ես միշտ կհիշեմ Ֆլոյդի դեմքին արտացոլված վախը»:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում: Դրանից հետ ողջ երկրով մեկ օրեր շարունակ չեն դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար: Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները