Twitter-ն արգելափակել է Թրամփի տեսանյութը. նախագահի թիմը սոցկայքին մեղադրել է գրաքննության համար

14:19   05 Հունիս 2020    309

Twitter սոցկայքն արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի շրջանակում հրապարակված տեսանյութը, որը նվիրված է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությանը․ նշվում է, որ նրա դեմ հեղինակային իրավունքների խախտման բողոք է ներկայացվել, հայտնում է The Hill հրատարակությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ գրեթե 4 րոպե տևողությամբ տեսանյութն ուղեկցվում է Թրամփի՝ Ֆլոյդի սպանությունից մի քանի օր անց հնչեցրած ելույթի խոսքով։ Սկզբում Թրամփը խոսում է «մեծ ողբերգության», այնուհետև ձախ ծայրահեղական խմբավորումների կողմից ցուցաբերած «բռնության և անարխիայի» և իրավապահ մարմինների աշխատանքի մասին։ Նախագահի խոսքերն ուղեկցվում են խաղաղ ցույցերի, ինչպես նաև ցույցերի վերջում տեղի ունեցած անկարգությունների տեսանյութերով ու լուսանկարներով։

Հրատարակության տվյալներով՝ մինչ արգելափակումն անձամբ Դոնալդ Թրամփը, նրա որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը և սոցցանցերի մոտ 7000 օգտատեր հասցրել են կիսվել տեսանյութով, սակայն այժմ այն այլևս հասանելի չէ։ Twitter ընկերությունից հայտնել են, որ մեդիաֆայլը արգելափակվել է «հեղինակային իրավունքի խախտման պատճառով»:

Արգելափակումից հետո նախագահի թիմը սոցկայքին և դրա հիմնադիր Ջեք Դորսիին մեղադրել է նախագահի ուղերձը գրաքննելու համար և կոչ արել հետևորդներին Youtube-ում տեղադրված այդ նույն տեսանյութը վիրուսային դարձնել։ Միևնույն ժամանակ նախընտրական քարոզարշավի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Twitter-ի հետ, որպեսզի իմանան, թե ով է բողոք ներկայացրել և թե ինչպես է այն հեղինակային իրավունք խախտում։



Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները