Թրամփը հայտարարել է, որ ՄԻԱՎ-ով վարակված յուրաքանչյուր յոթերորդ ամերիկացին չգիտի այդ մասին

13:37   28 Հունիս 2020    190

ԱՄՆ շուրջ 1.2 մլն բնակիչ վարակված է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ), եւ նրանցից յուրաքանչյուր յոթերորդը չգիտի դրա մասին, ասվում է Սպիտակ տան տարածած՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ թրամփի հայտարարության մեջ, որը նվիրված է ՄԻԱՎ-ի թեստավորման օրվան։

«Ներկայում ԱՄՆ-ում շուրջ 1.2 մլն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով։ Ցավոք, յուրաքանչյուր յոթերորդը չգիտի, որ նա ՄԻԱՎ վարակակիր է, եւ դա լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար»,-նշել է երկրի ղեկավարը։

Նրա խոսքով՝ 1980-ականներից ի վեր շուրջ երկու երրորդով կրճատվել են Միացյալ Նահանգներում վիրուսով վարակման դեպքերը, սակայն այժմ այդ վիրուսը հայտանբերվում է շուրջ 40 հազար ամերիկացու շրջանում տարեկան կտրվածքով։ «Այդ նոր վարակվածների շուրջ 80 տոկոսը ծագել է այն մարդկանց պատճառով, որոնց մոտ կամ չի ախտորոշվել վիրուսը, կամ նրանք չեն անցնում համապատասխան բուժում։ Այդ թվերն ապացուցում են, թե որքան կարեւոր է, որ մենք շարունակենք կիրառել ամերիկյան նորարարությունն ու ստեղծագործ ներուժը բուժման մեթոդները մշակելու համար, որոնք կկասեցնեն ՄԻԱՎ-ի տարածումը»,-ընդգծել է Թրամփը։

Նա հիշեցրել է, որ իր վարչակազմը խնդրել է Կոնգրեսից 716 մլն դոլար հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում ՄԻԱՎ-ի տարածումը կանխելու եւ այդ վիրուսով ապրող մարդկանց ավելի որակյալ խնամքով, բուժմամբ եւ պաշտպանությամբ ապահովելու համար։

Հունիսի կեսերին Թրամփը հիշատակել էր ՁԻԱՀ-ի դեմ գոյություն չունեցող պատվաստանյութի մասին՝ նշելով նաեւ, որ ամերիկացի գիտնականները կկարողանան ստեղծել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մինչեւ տարեվերջ։ Ամերիկյան ԶԼՄ-ների կարծիքով՝ նախագահը նկատի ուներ ՄԻԱՎ-ի կանխարգելումը, որը տեղի է ունենցում նախքան վարակակրի հետ շփումը։ Դա կանխարգելիչ դեղամիջոցների ընդունում է մարդկանց կողմից, որոնք չունեն ՄԻԱՎ՝ նպատակ ունենալով այդ վիրուսով վարակվելու հնարավոր ռիսկերը կրճատել։ Նշվում է, որ այդ դեղամիջոցը բավականին թանկարժեք է, այն պետք է պարբերաբար ընդունել բժշկի ցուցումով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները