Գերմանիայի ԱԳՆ-ում անընդունելի են անվանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները

16:27   01 Հուլիս 2020    165

«Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ հնարավոր նոր պատժամիջոցներն ուղղված են նախագծի իրականացման դադարեցմանը, որն իրականացվում է ըստ Եվրամիության օրենսդրության, եւ այս պատճառով անընդունելի են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ում պետքարտուղար Նիլս Անենը՝ Բունդեսթագի էկոնոմիկայի եւ էներգետիկայի հարցերով կոմիտեի նիստի ժամանակ՝ նվիրված «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման եւ Եվրոպայի էներգետիկ ինքնիշխանության պահպանման թեմային:

«Այս հարցում Գերմանիայի դիրքորոշումը միանշանակ է. արտերկրյա պատժամիջոցները աղաղակող միջամտություն են Եվրոպայի ինքնիշխանությանը: Ակնհայտ է, որ ամերիկյան կողմը փորձում է միակողմանի կարգով նախագիծը դադարեցնել»,- ասել է նա: Անենը նշել է, որ սահմանափակող միջոցառումների սպառնալիքի տակ կարող են հայտնվել, գերմանականից զատ, ֆրանսիական, հոլանդական եւ ավստրիական ընկերությունները:

«Ինչպես հաճախ ներկայացվում է, խոսքն այստեղ ոչ թե գերմանա-ամերիկյան հարցի մասին է, այլ վերաբերում է եվրոպական ինքնիշխանությանը,- շեշտել է նա: - Պատժամիջոցների հետագա արդյունքն առնչվում է մեր արտաքաին քաղաքականության գործունակությանը. չհամաձայնեցված պատժամիջոցները վնաս են հասցնում Ռուսաստանի նկատմամբ համատեղ քաղաքականությանը»: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ում «Հյուսիսային հոսք-2»-ի հանդեպ տարբեր դիրքորոշումներ կան, սակայն, նրա խոսքով, միությունում ձեւավորվել է միասնական կարծիք՝ եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ սպառնալիքներն անընդունելի են:

«Անհայտ են [ԱՄՆ Կոնգրեսում օրինագծի] քվեարկության ժամանակը եւ այլ մանրամասներ, բայց մենք ստիպված ենք ելնել այն հանգամանքից, որ այդ օրինագիծը շատ մոտ ժամանակում ընդունվելու է»,- ասել է Անենը:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Բարայսն իր հերթին «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր ընդլայնումն անվանել է «անդրատլանտյան հարաբերությունների պատմության մեջ աննախադեպ դեպք: «Սրա հետ կապված Գերմանիայի կառավարությունը բանակցություններ է սկսել մեր եվրոպացի գործընկերների հետ, որ մեր գործողությունները համաձայնեցնենք Եվրահանձնաժողովի հետ միասին: Ես շնորհակալ եմ, որ այստեղ աջակցություն ենք ստացել»,- հայտնել է նա:

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները