Հոնկոնգի ոստիկանությունը 370 մարդու է ձերբակալել

13:24   02 Հուլիս 2020    142

Չինաստանի իշխանությունների կողմից Հոնկոնգի ազգային անվտանգության մասին նոր օրենքի ընդունումից հետո ոստիկանությունը ավելի քան 370 մարդու է ձերբակալել, ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառվել:

Հոնկոնգի ոստիկանությունը հայտնել է, որ ցուցարարներին ձերբակալել են անօրինական հավաքներ անցկացնելու, ոստիկանների աշխատանքին խոչընդոտելու, ենք-զինամթերք պահելու, իսկ նրանցից 10-ին՝ ազգային անվտանգության նոր օրենքի պահանջները խախտելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ ոստիկանությունն արգելել էր քաղաքի առևտրային խոշոր շրջաններից մեկում հավաքների անցկացումը՝ հայտարարելով, որ ցուցադրված պաստառների և դրոշների վրա անջատողականություն քարոզող բովանդակություն է արտացոլված, ինչը ազգային անվտանգության նոր օրենքի նախատեսած դրույթների խախտում է ենթադրում:

Առաջին ձերբակալություն պատճառն այն է եղել, որ ցուցարարն օգտագործել է պաստառ՝ «Հոնկոնգի անկախություն» վերտառությամբ, ինչը ոստիկանությունը օրենքի խախտում է համարել:

Ոստիկանությունը հաղորդել է նաև, որ ցուցարարների հետ բախման հետևանքով մեկ ոստիկան մարմնական վնասվածքներ է ստացել:

Չինաստանի իշխանությունների կողմից օրեր առաջ ընդունված ազգային անվտանգության նոր օրենքն ուժի մեջ է մտել երեքշաբթի օրը: Դրա համաձայն՝ ցանկացած անջատողական հավաքի անցկացում, որի ժամանակ Հոնկոնգ քաղաքի անկախացման հրապարակային կոչեր կհնչեն կամ կցուցադրվեն, կդիտվի որպես ընդունված օրենքի խախտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները