Ղազախստանում կորոնավիրուսի տարածման պատճառով կարանտինային լրացուցիչ միջոցառումներ են սահմանվում

16:19   02 Հուլիս 2020    202

Ղազախստանում հուլիսի 5-ից 2 շաբաթով լրացուցիչ կարանտինային միջոցառումներ կսահմանվեն կորոնավիրուսի դեպքերի աճի և երկրում վարակաբանական իրավիճակի բարդացման պատճառով։

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի վարչապետի մամուլի ծառայությունը պետական հանձնաժողովի նիստից հետո։

Որպես սահմանափակող միջացառում՝ կդադարեցվի ուղևորատար ավտոբուսային հաղորդակցությունը մարզերի միջև, հանրային տրանսպորտի աշխատանքը կսահմանափակվի՝ ըստ ժամերի։

Միջազգային ավիահաղորդակցությունը կպահպանվի՝ առանց ավելացնելու երկրների ցանկը։ Կպահպանվի նաև շրջանների միջև ավիահաղորդակցությունը և երկաթուղային հաղորդակցությունը՝ որոշակի սահմանափակումներով։

14 օրով կարգելվի գեղեցկության սրահների, վարսավիրանոցների, մարզասրահների, լողավազանների, պարենային և ոչ պարենային փակ շուկաների գործունեությունը։ Արգելքը տարածվում է նաև լողափերի, ջրաշխարհների, մշակութային օբյեկտների, ցուցահանդեսների, ֆորումների, կոնֆերանսների, զվարճանքի կենտրոնների, նախադպրոցական հաստատությունների, կրոնական օբյեկտների, կինոթատրոնների, մանկական ճամբարների և ֆուդկորտների աշխատանքի վրա։

Բացի այդ, Ղազախստանի իշխանությունները արգելել են զանգվածային միջոցառումների անցկացումը։

Պետական մարմինների, պետական ընկերությունների և այլ կազմակերպությունների աշխատակիցների առնվազն 80%-ը կշարունակի աշխատել հեռավար։

Կաշխատեն դեղատները, մթերային խանութները և բաց շուկաները։

Ելնելով վարակաբանական իրավիճակից՝ այս լրացուցիչ սահմանափակումները կարող են երկարաձգվել կամ խստացվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները