ԱՄՆ-ում տարածվում է մահացու վիրուս, որը «ճագարի Էբոլա» են անվանում

09:25   03 Հուլիս 2020    178

Երկրի հարավարեւմտյան յոթ նահանգներում հազարավոր վայրի եւ տնային ճագարներ մահանում են վարակիչ հիվանդության բռնկումից:

Վիրուսը հայտնի է որպես ճագարի RHDV2 հեմոռագիկ տենդ, որը վնասում է այս կենդանիների օրգանները եւ հյուսվածքները, ինչը հանգեցնում է ներքին արյունահոսության եւ մահվան: Հաճախ միակ արտաքին նշանը, որ կենդանիները վարակված են, հայտնվում է միայն նրանց մահից հետո՝ ճագարները հանկարծակի մահանում են, եւ նրանց քթերում արյունոտ արտադրություն է հայտնվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վիրուսը ոչ մի կապ չունի Էբոլայի տենդի հետ՝ հիվանդություն, որը մարդու եւ կաթնասունների օրգանների անբավարարություն եւ մահ է առաջացնում, սակայն RHDV2-ը ոչնչացնում է ճագարների մարմինները նմանատիպ եղանակով»,- ասել է տեխասցի անասնաբույժ Ամանդա Ջոնսը։

Ապրիլից ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը (USDA) հաստատել է RHDV2-ի դեպքերը Արիզոնայում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Նեւադայում, Նյու Մեքսիկոյում, Յուտայում եւ Տեխասում: Վիրուսից տուժել են նաեւ արեւմտյան Մեքսիկայի որոշ շրջաններ:

«Ճագարի Էբոլա»-ի առաջին դեպքը գրանցվել է Չինաստանում՝ 35 տարի առաջ: Միացյալ Նահանգներում RHDV2-ը գրանցվում է պատմության մեջ չորրորդ անգամ, բայց առաջին անգամ հիվանդությունը տարածվում է ոչ միայն տնային ճագարների շրջանում, այլեւ վայրի բնության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները