Պուտինի զարմիկն ընտրվել է «Ժողովուրդն ընդդեմ կոռուպցիայի» կուսակցության ղեկավար

13:00   06 Հուլիս 2020    142

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկը, որը նախկինում եղել է Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից, ընտրվել Է «Ժողովուրդն ընդդեմ կոռուպցիայի» կուսակցության նախագահ և առաջնորդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանի Գլխավոր քաղաքական խորհրդի ղեկավար Գրիգորի Անիսիմովին:

Քվեարկությունը գաղտնի է եղել. Ռոման Պուտինին ընտրել են 5-ամյա ժամկետով: Նա «Ժողովուրդն ընդդեմ կոռուպցիայի» կուսակցության անդամ էր դարձել հունիսի 21-ին:

Ինչպես նշել է ղեկավարությունը` կուսակցության մեջ «հաջողակ ձեռնարկատիրոջ, հասարակական և քաղաքական գործչի» ընդգրկումը «նոր խթան» կտա հակակոռուպցիոն գործողությունների և սոցիալական նախագծերի իրականացման գործին:

Ռոման Պուտինը լրագրողներին ասել է, որ կուսակցության առաջնահերթ խնդիրը սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններն են, հաջորդ քայլը` Պետդուման:

«Պետության գործունեության տարբեր ոլորտներում, բացառապես բոլոր ոլորտներում կան շատ ծրագրեր: Ինչպես նկատել եք, մեր կուսակցության անդամները շատ ակտիվ են: Այսօր, կուսակցության անդամներից մեկը ներկայացրեց միջոցառումների շարք, որն ուղղված է 9 տրիլիոն ռուբլի բյուջետային միջոցների պահպանմանը»,-ասել է քաղաքական գործիչը:

Նա ընդգծել է նաև, որ շատ է աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում և անգամ բիզնես ոլորտ տեղափոխվելիս չի դադարեցրել հասարակական աշխատանքը:

Ռոման Պուտինի հայրը Իգոր Պուտինն է, ՌԴ նախագահի ոչ հարազատ եղբայրը: Ռոման Պուտինը աշխատել է Դաշնային անվտանգության ծառայությունում, զբաղեցրել է անվտանգության գծով Ռյազանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Քաղաքացիական ծառայությունը լքելուց հետո նա զբաղվել է խոշոր ֆինանսական և արդյունաբերական խմբերի ու շրջանային ղեկավարներ խորհրդատվությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները