ԱՄՆ նախագահը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարում նոր ձեռքբերման մասին

15:28   06 Հուլիս 2020    153

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ կորոնավիրուսից մահացության նվազում է արձանագրվում:

«Չինական նոր վիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է զանգվածային թեստավորման պատճառով, մահացությունը նվազել է, այդ թիվն արդեն ցածր է և կայուն»,- հայտարարել է պետության ղեկավարը:

Թրամփը կոչ է արել ֆեյք լրատվամիջոցներին՝ փոխանցել այդ տեղեկատվությունը և այն, որ ռեկորդ է սահմանվել նոր աշխատատեղերի ստեղծման հարցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը խոստացել էր պատժել Չինաստանին կորոնավիրուսի համաճարակի համար ։

«Չինաստանի խաբեությունը, նրա գաղտնիությունն ու գորգի տակ խնդիրները կոծկելու փորձերը վիրուսին թույլ են տվել տարածվել 189 երկրում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Մինչ այդ, Սպիտակ տան ղեկավարը Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում իր հետևորդների հետ նախընտրական հանդիպման ժամանակ նոր տիպի կորոնավիրուսը համեմատել էր քունգ-ֆուի հետ՝ հիվանդությունն անվանելով kung flu (flu-անգլ.՝ գրիպ): Այդ կերպ Թրամփը նաև հղում է արել չինական մարտական արվեստին։

Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ն շարունակում է մնալ կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թվով երկիրը։ Վերջին տվյալներով՝ այնտեղ գրեթե 2,9 մլն վարակված կա, 130 հազար մարդ մահացել է։ Ընդհանուր առմամբ՝ աշխարհում վարակված է ավելի քան 11 մլն մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները