«Մոսկվան կորցրել է Վաշինգտոնի նկատմամբ վստահությունը». Ռյաբկով

11:07   07 Հուլիս 2020    251

Ռուսաստանն ի դեմս ԱՄՆ-ի չի տեսնում բանակցությունների ունակ գործընկերոջ և կորցրել է վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին iz.ru կայքի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը` մեկնաբանելով Բաց երկնքի մասին պայմանագրի անդամ երկրների առցանց բանակցությունները:

Տեսակոնֆերանսը հրավիրվել էր ԱՄՆ-ի` պայմանագրից դուրս գալու որոշման պատճառով:

Ռյաբկովը նշել է, որ վերջերս ամերիկյան կողմն ավելի ու ավելի հաճախ է հրաժարվում իր պարտականությունների կատարումից և դուրս է գալիս տարբեր պայմանագրերից:

«Մենք կորցրել ենք որպես գործընկեր ԱՄՆ-ի նկատմամբ մեր վստահությունը, երևի պետք է սկսել վերականգնել այն»,-ասել է Ռյաբկովը:

Փոխարտգործնախարարը հավելել է, որ վստահության վերականգնումը միայն փոքր քայլերով կլինի:

Մայիսի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Բաց երկնքի մասին պայմանագրից իր երկրի դուրս գալու մասին: Որոշումն ուժի մեջ կմտնի 6 ամսից: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի բացառել նոր պայմանագիր կնքելու հավանականությունը:

ՌԴ արտգործնախարարությունը կոչ է արել Վաշինգտոնին հույս չունենալ, որ պայմանագրից դուրս գալուց հետո իրենք կշարունակեն ստանալ դրա վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը:

Բաց երկնքի մասին պայմանագիրը կնքվել է 1992 թվականին: Համաձայն փաստաթղթի` 34 անդամ երկրները կարող են հետախուզական թռիչքներ կատարել միմյանց տարածքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները