Եթե պետք է մեր համայնքապետը վերադառնա, ուրեմն եկեք Սերժ Սարգսյանին էլ բերենք դնենք վարչապետ. Ուղիղ

11:16   07 Հուլիս 2020    450

Եղեգնուտ համայնքում բողոքի ակցիա է: Գյուղացիները չեն ցանկանում, որ համայնքի նախկին ղեկավարը վերադառնա իր պաշտոնին:

«Իմքայլական պատգամավորներ, ո՞ւր եք, ձեր ժողովուրդն ենք: Հենց հիմա պահանջում ենք, որ մարզպետն ու իմքայլական պատգամավորները գան, բացահայտեն, թե ովքեր են վարչապետի մեջքի հետևում այս ամենը կազմակերպել»,-ասաց քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ համայնքապետարանը չի աշխատելու:

Ակցիայի մեկ այլ մասնակից հայտարարեց, որ նախկին ղեկավարը հրաժարական է տվել ու գնացել, նոր ղեկավար է եկել, երկու տարի աշխատել է, սակայն մարզպետը քնել վեր է կացել ու որոշել է, որ 34 տարվա ղեկավարը կրկին պետք է հետ գա:

Գյուղացիներից մեկը նշեց, որ նախկին համայնքապետը 36 տարի կերել է ժողովրդին. «Երեխեքը տանից դուրս չէին գալիս, պատերազմ էր, իսկ այս ընթացքում ամեն ինչ խաղաղվել էր: Հիմա ուզում են հետ բերեն Ռազմիկ Մարգարյանին»:

«2018 թվականին մեր համայնքում ևս եղավ հեղափոխություն, նախկին թալանչի հանրապետական Ռազմիկ Մարգարյանը ժողովրդի ճնշմամբ հրաժարականի դիմում ներկայացրեց, դրանից հետո ժողովրդի ցանկությամբ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց: Այս ընթացքում գյուղում արվել են այնպիսի բաներ, ինչի մասին մեր համայնքը 30 տարի երազել է: Մենք ունենք մաքուր խմելաջուր որդնած ջրի փոխարեն: Գյուղ մտնող ճանապարհները կառուցվել են: Հիմա ուզում է վերադառնա իր պաշտոնին, որպեսզի նորից թալանը շարունակվի: Մենք պահանջում ենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գա մեր հարցերին պատասխանի: Մենք պայքարել ենք հեղափոխության համար: Եթե պետք է մեր համայնքապետը հետ վերադառնա, ուրեմն եկեք Սերժ Սարգսյանին էլ բերենք դնենք վարչապետ, գնանք մեր հին կյանքով ապրենք»,-ասաց մեկ այլ քաղաքացի՝ հավելելով, որ հանրապետական նախկին գյուղապետի հետ գալն ավելի վտանգավոր է, քան՝ կորոնավիրուսը:

Գյուղում լարված իրավիճակ է:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները