Թրամփը պաշտպանել է պարբերաբար գոլֆ խաղալու իր սովորությունը

16:32   13 Հուլիս 2020    288

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի առավոտյան Twitter-ում պաշտպանել է պարբերաբար գոլֆ խաղալու իր սովորությունը՝ այն անվանելով «իր մարզանքը», գրում է The Hill-ը։

Սպիտակ տան ղեկավարը պնդել է, որ «բիզնեսում և քաղաքականության մեջ գիտի շատերին, որոնք անխոնջ աշխատում են, քանի որ դա նրանց սիրելի զբաղմունքն է, և ոչ ոք այդ կապակցությամբ դժգոհություն չի հայտնում»։

«Գոլֆն իմ մարզանքն է»,- նշել է Թրամփը՝ ընդգծելով, որ շաբաթվա ընթացքում՝ աշխատանքային օրերին, գրեթե չի խաղում։

«Օբաման ավելի երկար էր խաղում, ոչ մի խնդիր չկար։ Բայց երբ ես եմ խաղում, կեղծ CNN-ը և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ որտեղ ասես չեն կայանի իրենց մեքենաները՝ ինձ լուսանկարելու, իսկ հետո «Նախագահ Թրամփը գոլֆ է խաղում» գոչելու համար»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Պարբերականը մանրամասնում է, որ Թրամփի թվիթերյան գրառումը հետևել է Golf News Net-ի, CNN-ի և մի շարք այլ լրատվամիջոցների հոդվածներին, որոնք տեղեկացնում էին, որ Թրամփն իր պաշտոնավարման ընթացքում 275-րդ անգամ գոլֆ ակումբ է ժամանել։

Ընդ որում, ինչպես նկատում է CNN-ը, Թրամփը մինչև նախագահ դառնալը գոլֆ խաղալու համար բազմիցս քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամային՝ 2015 թվականի դեկտեմբերին նախընտրական հանրահավաքի ժամանակ խոստանալով այլ կերպ գործել։

«Ես ձեզ համար աշխատելու եմ, ուստի գոլֆի համար ժամանակ չեմ ունենալու»,- իր հոդվածում Թրամփի խոսքերը մեջբերել է CNN-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները