Բուլղարիայում ընթացող բողոքի ցույցերի հետևանքով 2 տուժած կա, 6 մարդ բերման է ենթարկվել

09:58   15 Հուլիս 2020    350

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ցույցերի 6-րդ օրը 6 մարդ է բերման ենթարկվել, 2 ոստիկան տուժել է:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի ազգային ռադիոյին:

Մայրաքաղաքի ոստիկանապետի տեղակալ Անտոն Զլատանովի խոսքով՝ երեքշաբթի երեկոյան իրավիճակը լարվել է. ցուցարարները լրագրողների և ոստիկանների ուղղությամբ ոչ մեծ ճայթռուկներ և կարմիր ներկով պարկեր են նետել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանից հետո Ազգային ժողովի շենք ներխուժելու փորձ է արվել: Ոստիկանության 2 սպա, որոնք շենքի մուտքն էին պահպանում, թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին մտնել շենք: Նշվում է, որ նրանք տուժել են:

Զլատանովի խոսքով՝ 6 մարդ բերման է ենթարկվել: Նա դատապարտել է ցուցարարների գործողությունները, ընդգծելով, որ դեմոկրատիայի չեն հասնում նման ճանապարհով:

Բուլղարիայում ակցիաները սկսվել են հուլիսի 9-ից, երբ մի խումբ ցուցարարներ հավաքվել էին մայրաքաղաքի կենտրոնում՝ երկրի գործող նախագահ Ռումեն Ռադևին աջակցելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բուլղարիա  


Վերնագիրի այլ պիտակները