Իրանում առնվազն 140 բժիշկ ու սանիտար է մահացել կորոնավիրուսի պատճառով

18:15   15 Հուլիս 2020    427

Իրանում առնվազն 140 բժիշկ ու սանիտար է մահացել կորոնավիրուսի պատճառով:

Այդ մասին հուլիսի 15-ին հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մոտավորապես հինգ ամիս մեր երկիրն ապրում է կորոնավիրուսի համավարակի հետ: Բուժանձնակազմն առանց դադարի ջանքեր է ներդրել, որպեսզի հսկողության տակ վերցնի այդ հիվանդությունը՝ շարունակելով բուժել հիվանդներին: Զբաղվելով դրանով՝ մեր հինգ հազար բժիշկներ ու սանիտարներ հիվանդացել են COVID-19-ով: Ցավոք, նրանցից 140-ը մահացել են»,- ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում:

Ներկայում Իրանը, ինչպես հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին, վերապրում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Հիվանդության դեպքերի ընդհանուր թվաքանակը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին COVID-19-ի մասին, հասել է 264,6 հազարի, նրանցից 13,4 հազարը՝ մահացու ելքով:

Ապաքինվել է առնվազն 227,6 հազար մարդ: Հուլիսի սկզբից Իրանը երեք անգամ նորացրել է մեկ օրվա ընթացքում զոհերի ռեկորդը, վերջին անգամ՝ հուլիսի 9-ին, երբ իշխանությունները հայտնեցին 221 մարդու մահվան մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները