ԱՄՆ-ում գործազուրկներին նպաստների հատկացումը դադարեցվել է. բանակցություններ են ընթանում

10:47   02 Օգոստոս 2020    276

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով գործարզուրկ դարձած անձանց ամեն երկու շաբաթը մեկ անգամ 600 դոլարի չափով նպաստներ հատկացնելու ծրագիրն ավարտվեց անցած գիշեր, երբ հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականները չկարողացան համաձայնության գալ ծրագիրը երկարաձգելու հարցում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ այս ծրագրի, ԱՄՆ-ում նպաստներ են ստացել միլիոնավոր գործարզուրկներ: Հանրապետականները կարծում են, որ հարկավոր է ծրագիրը երկարաձգել ավելի փոքր գումար հատկացնելով: Դեմոկրատները պահանջում են հակառակը:

Յուրաքանչյուր գործազուրկի 600-ական դոլար հատկացնելու ծրագիրը նախատեսված էր 2 տրիլիոն 200 միլիարդ դոլարի փաթեթով: Այժմ Ներկայացուցիչների պալատի և Սենատի փոքրամասնության դեմոկրատ ղեկավարներ Նենսի Փելոսին և Չաք Շումերը բանակցություններ են սկսել Թրամփի ավագ երկու խորհրդականների` ֆինանսների նախարար Ստիվըն Մնուչինի և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարք Միդոուզի հետ:

Փելոսին ասել է, թե ինքը դեմ է 600-ական դոլարի շուրջ կարճաժամկետ գործարք կնքելուն: Դեմոկրատները մերժել են նաև գումարը 400 դոլարի իջեցնելու հանրապետականների առաջարկը: Կորոնավիրուսի համաճարակը սկսվելուց ի վեր ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը հասել է 30 միլիոնի: Երկրի տնտեսությունը տարվա երկրորդ եռամսյակում անկում է ապրել 9.5%-ով: Տարեկան հաշվարկով այն կազմում է 32.9%, ինչն ամենամեծ կորուստն է անցած տասնամյակների ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները