Լեհաստանը տուգանել է Ռուսաստանին «Հյուսիսային հոսք-2» գազատարի համար

20:31   03 Օգոստոս 2020    334

Լեհաստանի հակամենաշնորհային գերատեսչությունը «Հյուսիսային հոսք-2» գազատարի համար տուգանել է ռուսական «Գազպրոմին» 50 մլն եվրոյով:

Այս մասին հաղորդում է Lenta պարբերականը: Դա առավելագույն տուգանքն է, որ սահմանված է Լեհաստանի օրենսդրությամբ տեղի հակամենաշնորհային կարգավորող մարմնի պահանջներն անտեսելու համար, նշված է Լեհաստանի Մրցակցության պաշտպանության և սպառողների իրավունքների պաշտպանության վարչության (UOKiK) հայտարարության մեջ:

Տուգանքի առիթ է դարձել այն, որ ռուսական կողմը հրաժարվել է տրամադրել Ռուսաստանից Գերմանիա գազատարի նախագծի վերաբերյալ փաստաթղթերը, որոնք խնդրել էր լեհական կողմը: 2020-ի սկզբից Վարշավան բազմիցս նման հայցեր է ուղարկել «Գազպրոմ»՝ համարելով, որը «Հյուսիսային հոսք-2» նախագիծը խախտում է մրցակցությունը Եվրոպայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականը հաղորդում է, որ 2016-ից Լեհաստանը հարց է բարձրացնում նախագծի կողմից հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մասին: UOKiK-ը 4 տարի առաջ «Գազպրոմին» և նրա եվրոպական գործընկերներին (Shell, Engie, Wintershall, Uniper և OMV) թույլ չի տվել իրագործել «Հյուսիսային հոսք-2» նախագծի շուրջ համատեղ ձեռնարկություն ստեղծելու ծրագիրը: Դրա շրջանակներում եվրոպական մասնակիցները կստանային 10-ական տոկոս, իսկ 50 տոկոսը կանցներ «Գազպրոմին»:

Պարբերականը հաղորդում է, որ լեհական կողմի գործողությունների պատճառով 2017-ին նախագծի մասնակիցները փոխել են մտադրությունը և որոշել են ֆինանսավորել նախագիծը՝ դառնալով կրեդիտորներ, իսկ Ռուսաստանը դարձել է նախագծային ընկերության միակ բաժնետերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-հոսք-2  


Վերնագիրի այլ պիտակները