Շվեդական տնտեսությունն ընդհանուր առմամբ շահել է խիստ կարանտինից հրաժարվելու որոշումից

20:36   04 Օգոստոս 2020    360

Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները կարծում են, որ Շվեդիայի տնտեսությունն ընդհանուր առմամբ շահել է փետրվար-մայիս ամիսներին խիստ կարանտինից հրաժարվելու կառավարության որոշումից:

Այս մասին նշվում է կանխատեսման մեջ, որը հրապարակվել է մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ պաշտոնական տվյալների հրապարակման նախօրեին:

Այդպես, փորձագետները կարծում են, որ մինչեւ երկրորդ եռամսյակի ավարտը Շվեդիայի ՀՆԱ-ի անկումը մոտ 7 տոկոս կկազմի, ինչն աննախադեպ ցածր ցուցանիշ կլինի սկանդինավյան այս երկրի տնտեսության համար: Այնուամենայնիվ, միեւնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ անկումը շատ ավելի փոքր կլինի, քան ԱՄՆ-ում եւ ԵՄ բոլոր այլ երկրներում:

«Չի կարելի ասել, որ շվեդական տնտեսությունն ընդհանրապես չի տուժել, բայց ՀՆԱ-ի անկումն այնքան ուժեղ չի լինի, որքան եվրոգոտու երկրներում, որտեղ այդ ցուցանիշը հասել է 30 տոկոսի»,- նշել է Capital Economics-ից փորձագետ Դեւիդ Օքսլին:

Ընդ որում, անհասկանալի է, թե ինչպես Շվեդիայի` կարանտինից հրաժարվելու որոշումը կազդի դրա տնտեսության վրա երկարաժամկետ հեռանկարում: «Մեր հարեւանները (Դանիա եւ Նորվեգիա) կարանտինացված էին, սակայն հնարավոր է, որ նրանք ավելի արագ վերականգնվեն»,- ասել է Nordea-ի տնտեսագետ Թորբյորն Իսաքսոնը:

Bloomberg-ում միեւնույն ժամանակ հիշեցրել են, որ Շվեդիայի` խստագույն կարանտինից հրաժարվելը հանգեցրել է նրան, որ այս երկրում մահացության մակարդակն ամենաբարձրներից մեկն է աշխարհում (56.4 դեպք 100 հազարի հաշվով): Համեմատության համար` Դանիայում այդ ցուցանիշը հինգ անգամ ցածր է, Ֆինլանդիայում եւ Նորվեգիայում` տասն անգամ, փոխանցում է ՌԲԿ-ն:

Զոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով` համավարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել է վարակման 81 012 դեպք, 5.744 մարդ մահացել է:

Շվեդիան ԵՄ միակ երկիրն է, որը հրաժարվել էր կոշտ սահմանափակումներից: Այնտեղ արգելված էին զանգվածային միջոցառումները (օրինակ` ֆուտբոլի ազգային առաջնությունը չեղարկվեց), քաղաքացիներին խորհուրդ էր տրվում սոցիալական հեռավորություն պահպանել, իսկ տարեցներին` մնալ տանը, սակայն նրանք չէին փակել ռեստորանները, սրճարանները, ֆիթնես ակումբները: Դպրոցներն ու մանկապարտեզները շարունակում էին աշխատել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները