Բեյրութում պայթյունի ուժը Հիրոսիմայի պայթյունի ուժգնության մոտ 10 տոկոսն է. գիտնական

17:44   05 Օգոստոս 2020    393

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունն առաջացրել է 3.3 մագնիտուդ երկրաշարժին համարժեք սեյսմիկ ալիքներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում Է CNN-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Այնուամենայնիվ, 3.3 մագնիտուդն «ուղղակիորեն համեմատելի չէ նման ուժգնության երկրաշարժի հետ», քանի որ մակերեսային պայթյունները նման հզոր ալիք չեն առաջացնում, հաղորդում Է CNN-ը՝ վկայակոչելով Երկրաշարժերի մասին տեղեկատվության ազգային կենտրոնի երկրաֆիզիկ Դոն Բլեքմանին:

Բլեքմանն ասել է, որ էներգիայի մեծ մասը նման պայթյունների ժամանակ մղվում է օդ և դեպի շինություններ:

Լիբանանյան իշխանությունների տվյալներով՝ նավահանգստային պահեստում պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ։ Նյութերը պահվել են նավահանգստում ոչ պատշաճ կերպով գրեթե վեց տարի: Թե ինչն է հրդեհի և հետագա պայթյունի պատճառ դարձել, դեռևս պետք է պարզի հետաքննությունը:

Համացանցում հայտնված տեսանյութերում երևում է, որ չափազանց հզոր պայթյունի ալիքը ակնթարթային ավերածություններ է առաջացնում հսկայական շառավղով: Ըստ որոշ աղբյուրների՝ պայթյունի ձայնը լսվել է նույնիսկ Կիպրոսում՝ դեպքի վայրից 240 կմ հեռավորության վրա։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջուկային գիտության և տեխնիկայի ամբիոնի դոցենտ Արեգ Դանագուլյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում պնդում է, որ 2700 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունը տրոտիլային համարժեքով 1,1 կիլոտոննա է: Նա նշել է, որ թերմոդինամիկա է օգտագործել վերլուծության համար։

«Սա տրոտիլային համարժեքով 1,1 կիլոտոննա է՝ ոչ մեծ միջուկային ռումբի ուժգնության, մոտավորապես Հիրոսիմայի պայթյունի ուժգնության 10 տոկոսը», - գրել է նա՝ միաժամանակ հստակեցնելով, որ խոսքը միջուկային պայթյունի մասին չէ, այլ ուժգնությունը հիշեցնում է միջուկային ռումբի պայթյունի ուժգնություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները