Համաշխարհային գերտերությունները հովանավորների արտահերթ համաժողովի ժամանակ պայմանավորվել են օգնել Լիբանանին

21:58   09 Օգոստոս 2020    346

Համաշխարհային գերտերությունները հովանավորների արտահերթ համաժողովի ժամանակ պայմանավորվել են տրամադրել «հիմնական ռեսուրսները», որպեսզի օգնեն Բեյրութին վերականգնվել ուժգին պայթյունից հետո, որի հետեւանքով ավիրվել է քաղաքի մի մասը։

«Օգնությունը պետք է լինի ճիշտ ժամանակին, բավարար եւ համապատասխանի լիբանանյան ժողովրդի կարիքներին ու մատակարարվի ուղղակիորեն լիբանանցիներին առավելագույն արդյունավետությամբ եւ թափանցիկությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ Լիբանանի գործընկերները պատրաստ են նպաստել երկրի տնտեսության երկարաժամկետ վերականգնմանը, եթե առաջնորդները լիովին հակված են փոփոխություններին, որոնք ակնկալում են լիբանանցիները։

Հինգշաբթի Բեյրութ այցելած Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը կազմակերպել է համաժողովը տեսակապով եւ կոչ արել մասնակից երկրներին մոռանալ իրենց տարաձայնությունները եւ աջակցել Լիբանանի ժողովրդին։ Նա հավելել է, որ միջազգային արձագանքը պետք է համակարգվի ՄԱԿ-ի կողմից։

Օգնության առաջարկը ներառում է պայթյունի անկողմնակալ, հավաստի եւ անկախ հետաքննություն։

ԱՄՆ նախագահ Դոնալթ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են շարունակել օգնել լիբանանցիներին։ «Նախագահը հաստատել է Լիբանանում խաղաղ ցուցարարների կոչերը երկրում թափանցիկություն, բարեփոխումներ եւ պատասխանավության հաստատելու մասին»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Պայթյունի հետեւանքով ավիրվել են ամբողջական թաղամասեր, 250 000 մարդ մնացել է առանց տանիքի, ավիրվել են ձեռնարկություններ եւ ոչնչացվել ցորենի պաշարներ։ Զոհվել է 158 մարդ։

Բեյրութի վերականգնումն, ամենայն հավանականությամբ, կարժենա միլիարդավոր դոլարներ։ Տնտեսագետները կանխատեսում են, որ պայթյունը կարող է ոչնչացնել երկրի ՀՆԱ-ի 25 տոկոսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները