Իլհամ Ալիև. Ծխախոտի ֆաբրիկայի գործարկումից հետո Ադրբեջանը տնտեսել է 300 մլն մանաթ

14:47   14 Սեպտեմբեր 2020    365

Սումգայիթի քիմիական արդյունաբերական պարկի տարածքում ծխախոտի արտադրության ձեռնարկության գործարկումը հնարավորություն տվեց Ադրբեջանին տնտեսել 300 մլն մանաթ, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք պետք է ձգտենք պահպանել առևտրային գործառնությունների դրական սալդոն: Դրա համար էլ անհրաժեշտ է ստեղծել արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկություններ: Այստեղ (Սումգայիթի քիմիական արդյունաբերական պարկում) գործում է ծխախոտի արտադրության ֆաբրիկա և վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ ֆաբրիկայի գործարկման պահից ի վեր տնտեսվել է 300 մլն մանաթ», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը Սումգայիթի քիմիական արդյունաբերական պարկի տարածքում Մասնագիտական կրթության կենտրոնի բացման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս Ադրբեջանին»:

Նախագահը ֆաբրիկայի սեփականատերերին կոչ է արել բացել երկրորդ, երրորդ արտադրամասեր և մեծացնել արտահանման ծավալը:

«Մենք պետք է նաև մեծացնենք ծխախոտի ներքին արտադրությունը, ինչը կխթանի գյուղատնտեսության զարգացումը», - ընդգծել է նախագահը:

Նախագահը հավելել է, որ պետությունը պետք է շարունակի աջակցել գործարարներին, որոնք մտադիր են զբաղվել արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի արտադրությամբ:

«Անշուշտ, մեր նավթային պաշարները երբևիցե կավարտվեն: Ճիշտ է, մոտ ապագայում մենք շահագործման կհանձնենք նոր նավթային և գազային հանքավայրեր, սակայն, Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի բլոկից նավթի արդյունահանման ծավալների կրճատումն անխուսափելի է: Ստեղծված բացը պետք է լրացնենք ոչ նավթային հատվածի հաշվին», - ասել է երկրի ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները