Եվրամիությունը Նավալնիի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես սպանության փորձ

14:56   15 Սեպտեմբեր 2020    163

Եվրամիությունը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես սպանության փորձ, դատապարտում է քիմիական զենքի օգտագործումը և Ռուսաստանին կոչ է անում հետաքննության հարցում համագործակցել ՔԶԱԿ-ի (Քիմիական զենքի արգելման կազմակերպություն) հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Եվրախորհրդարանի նիստում ելույթի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք այդ թունավորումը դիտարկում ենք որպես սպանության փորձ։ Մենք դատապարտում ենք քիմիական զենքի ցանկացած կիրառում և կոչ ենք անում Ռուսաստանին հետաքննություն անցկացնելու հարցում ամբողջ ծավալով համագործակցել ՔԶԱԿ-ի հետ»,-հայտարարել է նա։

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Ռուսաստանի տարածքում «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութերի պաշարներ չկան։

«Դրանք (մարտական թունավոր նյութերը) ոչնչացվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության արձանագրությունների և կանոնակարգման համաձայն․ դա իրականացվել է սահմանված կարգով։ Ուստի, հայտարարություններն առ այն, թե Ռուսաստանի տարածքում կա մարտական թունավոր նյութերի արտադրություն կամ հին պաշարներ, իհարկե, ապատեղեկատվություն են»,- ասել էր նա։

ՌԴ հետախուզության ղեկավարը նաև պնդել է, որ Նավալնիի օրգանիզմում երկրից դուրս գալու պահին թունավոր նյութեր չեն հայտնաբերել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները