Նավալնին հրաժարվել է իր թունավորման գործի հետաքննության շրջանակում համագործակցել ՌԴ-ի հետ

19:20   15 Սեպտեմբեր 2020    209

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում հրաժարվել է իր թունավորման գործի հետաքննության շրջանակում համագործակցել ռուսական կողմի հետ, պնդում է The New York Times թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի անվտանգության մարմինների բարձրաստիճան ներկայացուցչին:

«Նավալնին նախկինի պես գտնվում է հիվանդանոցում՝ գերմանական ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո։ Գերմանական դատախազության աշխատակցի հետ զրույցի ընթացքում նա հրաժարվել է բավարարել Գերմանիայի հետ գործի համատեղ հետաքննության վերաբերյալ Ռուսաստանի խնդրանքը, այս մասին ասել է Գերմանիայի անվտանգության մարմինների աշխատակիցը»,- գրում է ամերիկյան պարբերականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սեպտեմբերի սկզբին Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել էր, որ Գերմանիան կարող է Նավալնու վերաբերյալ տվյալները փոխանցել Ռուսաստանին, սակայն ինչ վերաբերում է հետազոտության արդյունքներին, ապա դրանք անձնական տվյալներ են, որոնց փոխանցման թույլտվությունը միայն Նավալնին կարող է տալ։

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապօգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները