Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ ստորագրել Oracle-ի կողմից TikTok-ի գնման գործարքի տակ

20:57   17 Սեպտեմբեր 2020    289

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ ստորագրել ամերիկյան Oracle ընկերության կողմից չինական TikTok հավելվածի ամերիկյան հատվածի գնման գործարքի տակ, հաղորդում է CNBC-ն։

«Ոչ, ես պատրաստ չեմ որևէ բանի տակ ստորագրել, քանի որ գործարքը չեմ տեսել։ Մեզ անվտանգություն է հարկավոր, հատկապես, երբ խոսքը Չինաստանին Է վերաբերում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ իշխանություններն այդ գործարքից հասույթ կստանան, ինչպես ավելի վաղ խոստացել էր նախագահը, վերջինս պատասխանել է, որ այդ հարցը դեռ հստակ չէ, քանի որ «իրավաբանների խոսքով՝ դա անօրինական է»։

«Տեսնենք։ Զարմացած էի տեղեկանալ, որ չենք կարող ստանալ։ Օրենքով թույլ չի տրվում գումար ընդունել։ Ասացի՝ դա ի՞նչ բան է։ Նրանք պատրաստ են կառավարությանը մեծ վճարումներ կատարել, իսկ մենք իրավունք չունե՞նք դրանք ընդունել»,- բացատրել է Թրամփը։

Հիշեցենք, որ չինական ByteDance ընկերությունը որպես ամերիկյան TikTok-ի գնորդ է ընտրել Oracle ընկերությանը, սակայն գործարքը դեռևս պետք է արժանանա Պեկինի և Վաշինգտոնի հավանությանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր արգելել երկրի տարածքում հավելվածի հասանելիությունը, եթե այն ամերիկյան կողմին չվաճառվի: Թրամփը ByteDance-ին մինչև սեպտեմբերի կես վերջնաժամկետ է տվել գործարքն ավարտելու համար:

Ամերիկյան կողմի համոզմամբ՝ հավելվածն ամերիկացի օգտատերերի տվյալները փոխանցում է չինական իշխանություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: TikTok  


Վերնագիրի այլ պիտակները