«Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են բարեփոխել Միութենական պետության պայմանագիրը». Լավրով

12:18   18 Սեպտեմբեր 2020    308

Սեպտեմբերի 14-ին Սոչիում կայացած հանդիպմանը Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել են Միութենական պետության պայմանագիրը բարեփոխելու իրենց մտադրությունը`հաշվի առնելով ժամանակի պահանջները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այս մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է eadaily.com կայքը:

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Բելառուսի` Միութենական պետություն ստեղծելու մասին պայմանագրի կնքումից ի վեր 20 տարի է անցել:

«Պայմանագրում գրված ամեն բան այժմ վերլուծվում է: Երկու կողմերն էլ նույն կարծիքին են. դաշնակցային պայմանագրի այս կամ այն դրույթը մնում է արդիական, կամ անհրաժեշտ են որոշ լրացուցիչ ճշգրտումներ: Գոյություն ունի 31 ճանապարհային քարտեզ, որից յուրաքանչյուրը նվիրված է դաշնակցային պայմանագրի հստակ հատվածի: Այսպիսով, բարեփոխումը շարունակելու տրամադրվածություն կա: Նախագահները դա հաստատել են վերջերս կայացած հեռախոսազրույցում: Դա հաստատվել է նաև Սոչիում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության նախագահների հանդիպմամբ»,-նշել է ՌԴ արտգործնախարարը:

Երկու երկրների կառավարությունների կողմից համաձայնեցված քայլերը որոշելու բուն աշխատանքը սկսվել է մի քանի տարի առաջ: Լավրովը հիշեցրել է, որ վերջերս Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպմանը խոստովանել է, որ իրավիճակը փոխվել է, և «անհրաժեշտ է պայմանավորվել, թե ինչպես խորացնել ինտեգրումն այսօրվա տեսանկյունից»:

Ինչ վերաբերում է պայմանագիրը բարելավելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքներին, Լավրովի խոսքով՝ «դրա տեսքը կախված կլինի երկու երկրների պայմանավորվածությունից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները