Թեհրանը խոստացել է Վաշինգտոնին «ջախջախիչ պատասխան» տալ

14:41   21 Սեպտեմբեր 2020    233

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը «ջախջախիչ պատասխան կտա Ամերիկայի ծանակումներին»։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն սեպտեմբերի 21-ից Իրանի դեմ նոր սահմանափակումներ է մտցնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռոհանին հեռուստաելույթում ասել է, որ ԱՄՆ-ն պարտվում է Իսլամական Հանրապետության դեմ ՄԱԿ պատժամիջոցները վերականգնելու իր ձգտումներում, քանի որ զրկվել է եվրոպացի դաշնակիցների աջակցությունից, որոնք այդ միջոցները «անվավեր» են որակել։ Իրանի ԱԳ նախարարությունն իր հերթին Վաշինգտոնի ջանքերը բնութագրել է որպես «անօգուտ»՝ հայտարարելով, որ «ԱՄՆ մոտեցումը լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը եւ աննախադեպ սպառնալիք ՄԱԿ-ի եւ Անվտանգության խորհրդի համար»։

«Իրանն ընդգծում է, որ եթե ԱՄՆ-ն ուղակիորեն կամ իր մի շարք դաշնակիցների հետ համագործակցությամբ ձեռնարկի այս սպառնալիքներին համապատասխան որեւիցե քայլ, ապա կբախվի լուրջ արձագանքի եւ պետք է հաշվի առնի իր որոշման բոլոր վտանգավոր հետեւանքները»,- նշված է հայտարարության մեջ։

Reuters-ի տեղեկություններով, որը վկայակոչում է Սպիտակ տանը բարձրաստիճան աղբյուրին, երկուշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կսահմանի ավելի քան երկու տասնյակ անձանց եւ կազմակերպությունների դեմ, որոնք մասնակցում են Իրանի միջուկային, հրթիռային եւ սովորական սպառազինության ծրագրերին։ Գործակալության աղբյուրի խոսքով՝ Իրանը կարող է ունենալ բավականաչափ տրոհվող նյութ տարվա վերջին միջուկային զենք ստեղծելու համար, իսկ Թեհրանը վերականգնել է մեծ հեռահարության հրթիռների ոլորտում համագործակցությունը Հյուսիսասյին Կորեայի հետ, որը միջուկային զենք ունի։ Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ կողմից նոր պատժամիջոցային ճնշման կարեւոր մասն է հրամանը՝ ուղղված նրանց, ովքեր գնում կամ Իրանին վաճառում են սովորական սպառազինություն։ Պաշտոնյան իր պնդումներից ոչ մեկի համար որեւէ ապացույց չի ներկայացրել։

Ավելի վաղ Իրանի միջուկային ծրագրի զսպման վերաբերյալ պատմական համաձայնագրի մյուս մասնակիցները, որը 2015 թվականին Իրանի հետ ստորագրել էր պետությունների «վեցյակը» (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ ԱՄՆ) հայտարարել էին, որ Վաշինգտոնը ՄԱԿ անունից միակողմանի պատժամիջոցներ սահմանելու լիազորություն չունի։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես քննադատել է համաձայնագիրը, որը ստորագրել էր Բարաք Օբամայի վարչակազմը, 2018 թվականին հետ կանչել դրա տակ դրված ԱՄՆ ստորագրությունը, ինչը զգալի վնաս է հասցրել Իրանի տնտեսությանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները