ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ իրավիճակը Բելառուսում վատանում է

14:36   21 Սեպտեմբեր 2020    234

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում արտգործնախարարների հանդիպումից առաջ հայտարարել է, որ հանդիպումն անցկացվում է Բելառուսում իրավիճակի «շարունակական վատթարացման» պայմաններում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Բելառուսում իրավիճակը շարունակում է վատթարանալ, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են: Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես ենք աջակցելու բելառուս ժողովրդին, ինչպես նաև Բելառուսի կառավարության հետ մեր հարաբերություններն այն պայմաններում, որոնցում մենք Լուկաշենկոյին չենք ընդունում որպես օրինական նախագահ»,-հայտարարել է Բորելը:

Բորելը նաև գոհունակություն է հայտնել նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ ունեցած զրույցի կապակցությամբ:

«Ուրախ եմ հանդիպումից մի քանի ժամ առաջ Սվետլանա Տիխանովսկայայի հետ ունեցած հանդիպման կապակցությամբ, նա տեղեկացրել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Երկուշաբթի Բրյուսելում կայանալիք հանդիպմանը ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Բելառուսի պաշտոնատար անձանց նկատմամբ լրացուցիչ անհատական պատժամիջոցներն այն խախտումների համար, որոնք, ըստ ԵՄ-ի, թույլ են տրվել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև Բելառուսում ցուցարարների դեմ ուժ կիրառելու համար: Բացի այդ, արտգործնախարարները կքննարկեն Լիբիայում տիրող իրավիճակն ու աֆրիկյան երկրների հետ հարաբերությունները:

Բողոքի ակցիաները Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները