ԵՄ արտգործնախարարները չեն ճանաչել Լուկաշենկոյի օրինականությունը

10:59   22 Սեպտեմբեր 2020    217

Եվրամիության բոլոր արտգործնախարարները հրաժարվել են ճանաչել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինականությունը և Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած ընտրությունները համարում են կեղծված։

Interfax-ի բելառուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։

«Մենք բոլորս չենք ընդունում Լուկաշենկոյի օրինականությունը այն գործընթացի արդյունքում, որը մենք կեղծված ենք համարում։ Մենք գտնում ենք, որ այս ընտրությունները կեղծվել են, և չենք ընդունում դրանց արդյունքները», – հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավարը ԵՄ արտգործնախարարների գագաթնաժողովից հետո։

Բորելը հավելել է, որ ԵՄ ԱԳ նախարարները կոչ են անում նոր, ազատ և արդար ընտրություններ անցկացնել ԵԱՀԿ փորձագետների վերահսկողության ներքո։

Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, ԵՄ-ն կշարունակի աշխատել Լուկաշենկոյի հետ՝ չնայած չի ընդունել նրա օրինականությունը։ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն գիտակցում է Բելառուսի հետ աշխատելու անհրաժեշտությունը։ Նա նաև նշել է, որ ստեղծված իրավիճակում Մինսկի հետ շփումներն ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ Արևելյան համագործակցության շրջանակներում կլինեն ավելի պակաս ինտենսիվ, քան նախկինում։

Բորելը նշել է, որ նման իրավիճակ է ստեղծվել Վենեսուելայի պարագայում. Եվրամիությունը չի ճանաչում Նիկոլաս Մադուրոյին որպես Վենեսուելայի օրինական նախագահ, սակայն շարունակում է աշխատել նրա հետ այնքան, որքան հնարավոր է։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները